Երբ եւ ինչու են պատգամավորներն այցելում սահմանամերձ գյուղ (տեսանյութ)
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. Ասում են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչները: Ադրբեջանական կրակոցների տակ մի կերպ մշակվող հողերն այս տարի բերք չեն տա։ Բնությունն իր հերթական հարվածն է հասցրել գյուղացիներին, բերքի հիմնական մասը ցրտահարվել է: Գյուղացիները հուսալքված են. «Միրգ չկա , թուզ ունեինք՝ չկա, մենակ մնացել ա քիչ խաղող, 2 տ ու կես թուզը իմ ամբողջ տարվա աշխատանքն է , բայց դե հիմա չկա, սաղ սրբել-տարել ա»,-պատմում էին Չինարիի բնակիչները։ Հմայակ Վանյանը բերք ստանալու ակնկալիքով գյուղատնտեսական վարկ է վերցրել, ցրտահարության հետեւանքով արդեն ավելի քան 200 ծառ է կորցրել: Սակայն նա բացառություն չէ, քանի որ Չինարիում չկա մի տուն, որը ցրտահարությունից տուժած չլինի, բայց Գյուղատնտեսության նախարարությունը որեւէ կերպ չի արձագանքել: Ընդհանարապես գյուղացիները չեն հիշում մի դեպք, երբ կառավարությունն իրենց կողքին լինի: «44 տարեկան եմ, էդ ձևի բան, որ հանրապետությունը մեզ փոխհատուցում տա վնասի դեմ, մենք տենց բան չենք տեսել, կարկուտն էլ ա գալիս փշրում, ջարդում, բայց ոչ մի բան` ոչ ցրտահարության դեմ, ոչ կարկուտի դեմ»,- ասաց Հմայակ Վանյանը։ Նրա խոսքը շարունակեց համագյուղացի Խաչատուր Միրզոյանը՝ ասելով. «Դեպուտատներ են գալիս ստեղ, մեկը մի լիմոնադ է բերում, մեկը խանութից պիվայա առնում, մին մեկին 10,000-20,000 փողա տալիս, ասում են պրոպագանդա արեք, տո անհարմար է, տո»: Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանն իրենց կրած վնասների մասին զեկուցել է կառավարությանը եւ դեռ սպասում է պատասխանի: Ի դեպ, ժամանակին Չինարին իր մրգով մատակարարում էր ողջ հանրապետությանը: Գյուղի յուրաքանչյուր տուն առնվազն 2 տոննա թուզ եւ արքայանարինջ էր ստանում: Սակայն, անկախ գյուղում առկա խնդիրներից, այստեղ ապրող երեխաններն իրենց երազանքներն ունեն, որոնք պարբերաբար մթագնում են ադրբեջանական կրակոցները: 9-ամյա Մամիկոնը հստակ գիտի, թե վտանգը որտեղից է գալիս. «Ուզում չեմ, որ կրակեն, ուզում եմ կրակոցներ չլինեն, որ երեխաները հանգիստ ապրեն»: