Պարգեւատրում Արցախում
Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 8-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին Եռատոնի առթիվ եւ պետական պարգեւներ հանձնել մի խումբ երախտավորների: Իր խոսքում Նախագահն ընդգծել է, որ մայիսի 9-ը յուրահատուկ տոն է, որն ունի եւ ազգային, եւ համամարդկային խոր իմաստ՝ խորհրդանշելով, առաջին հերթին, ժողովրդի անձնվիրությունը, հայրենասիրությունը, կյանքի եւ բարության հաղթանակը: Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից: Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար, գնդապետ Միքայել Արզումանյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ