Ազատամարտիկի գործով վկան իրարամերժ ցուցմունքներ տվեց (տեսանյութ)
«Ազատություն», «Ազատություն»՝ յուրաքանչյուր դատական նիստին այսպիսի բացականչություններով են դիմավորում իրենց մարտական ընկերոջը ազատամարտիկները։ Վոլոդյա Ավետիսյանը, ով անազատության մեջ է անցյալ տարվա սեպտեմբերի 20-ից, կասկածվում է խարդախություն կատարելու մեջ։ Այսօր դատարանում ցուցմունք տվեց գործով վկա Հենրիկ Զաքարյանը, ով հայտարարեց, թե 2000 ԱՄՆ դոլար է տվել Վոլոդյա Ավետիսյանին, որպեսզի նրա հոգեկան շեղումներ ունեցող թոռանը օգնի մոտիկ զորամասում զինծառայության անցնել, ինչպես նաեւ հիվանդանոցում գտնվելու ժամանակ դեղորայք եւ սնունդ տանել։ Վկան իրարամերժ ցուցմունքներ տվեց՝ պատճառաբանելով, որ հիշողության հետ կապված խնդիրներ ունի։ Միաժամանակ վկան ավելացրեց, որ ամենից շատն է ցանկանում, որ Վոլոդյա Ավետիսյանը լինի ազատության մեջ։ Պաշտպան Արա Զաքարյանը հատկապես ցանկացավ ընդգծել այն հանգամանքը, որ իր պրակտիկայում առաջին անգամ է պատահում այսպիսի դեպք, երբ մարդուն մեղադրանք են առաջադրում, սակայն գործում տուժող չկա։ «Ընդհանրապես դա իրավունքի տեսությանը խորթ է, եթե կատարվել է հանցագործություն, դա նշանակում է, որ պետք է պատճառված լինի վնաս, նամանավանդ հափշտակությունների հետ կապված գործերով»,- հիշեցրեց պաշտպանը։ Ի դեպ, պաշտպանն այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանին։ Սակայն խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը մերժեց միջնորդությունը։ Գործով դատական նիստը կշարունակվի մայիսի 21-ին։