Բարոյական վնասն այսուհետ կփոխհատուցվի (տեսանյութ)
Բարոյական վնասն այսուհետ Հայաստանում կփոխհատուցվի գումարի տեսքով։ Կառավարության ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն արդեն ԱԺ-ում է։
Առաջին հայացքից դրական թվացող նախագիծը բազմաթիվ թերություններ ունի՝ պնդում է իրավաբան Արա Ղազարյանը. «Միայն չորս իրավունքների խախտման դեպքում է սահմանում բարոյական վնասի հատուցման իրավունք։ Դա կյանքի իրավունք է, արգելված իրավունք, որն է՝ խոշտանգում, ազատությունից զրկելու բոլոր տեսակները, եւ անօրինական դատապարտման դիմաց բողոքարկելու հնարավորությունը»։
Այս 4 իրավունքը իրավաբանը համարում է նվազագույն շեմը, որը Հայաստանից պահանջել է Եվրոպական դատարանը կոնկրետ գործերով։ Մինչդեռ, մարդու կյանքի հիմնական իրավունքները շատ ավելին են։
«Բարոյական հատուցման իրավունքը չի սահմանվում, նաեւ սոցիալական իրավունքների առումով, ասենք՝ աշխատանքի եւ այլն», - «Ա1+»-ի հետ զրույցում նկատում է իրավաբանը։
Արա Ղազարյանին զարմացնում է նաեւ այն, որ բարոյական վնասի համար սահմանված փոխհատուցումը շատ փոքր է. «Այստեղ սահմանվում է շեմ։ Ասենք՝ կյանքի իրավունքի խախտման դեպքում առավելագույն շեմը 1 մլն դրամ է։ Անօրինական ազատությունից զրկվելու դեպքում՝ 500 հազար դրամ է։ Այնտեղ կա եւս մեկ դրույթ, որն ասում է, որ բացառիկ դեպքերում, երբ ապացուցվի, որ կա ծանր հետեւանք, այդ շեմը կարող է բարձրանալ։ Հարց է բարձրանում՝ կյանքի իրավունքի խախտման դեպքում էլ ինչ ծանր հետեւանք»։
Իսկ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հասցրել է նկատել. «Այս օրենքի նախագիծը ձեւական բնույթ է կրում։ Ոչ թե պետությունը, պետության անունից հանդես եկող անձինք սրտանց փորձում են ապահովել սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը, այլ ձեւական բնույթ է կրում։ Ուղղակի գլուխներն ազատելու համար։ Օրենքը չի համապատասխանում Սահմանադրությանը եւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային»։
Մինչ նախագիծը ԱԺ ներկայացնելը, կառավարությունը պետք է հանրային քննարկումներ կազմակերպեր։ Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի խոսքով՝ օրենքում փոխհատուցման կարգը անհամաչափ է։
«Վիրավորանքի եւ զրպարտության համար գործերով նախատեսել նույն չափի փոխհատուցում, որքան նախատեսված է ասենք՝ կյանքի իրավունքի զրկելու պարագայում, կարծում եմ՝ սա բոլորովին չի համապատասխանում մեր Սահմանադրության ոգուն։ Ուղղակիորեն հասկանում ես, որ վիրավորանքի եւ զրպարտության փոխհատուցումը ճնշում է լրատվամիջոցներին եւ հաճոյանալու վիրավորվող պատգամավորներին»։
Նախագծի համաձայն՝ օրենքը ուժի մեջ է մտնում նոյեմբերի 1-ից։ Իրավաբանի եւ իրավապաշտպանի կարծիքով, նախագիծը պետք է հետադարձ ուժ տրվի՝ առնվազն մինչեւ ՍԴ կողմից որոշում կայացնելու օրը՝ 2013թ. նոյեմբեր։
