«Արևելքում պատերազմ է ծավալվել». Ուկրաինայի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար
Ամերիկայի Ձայն Ուկրաինայի իշխանությունները շաբաթ օրն ընդլայնել են երկրի արևմուտքում ռուսաստանամետ անջատողականների դեմ մեկնարկած գործողությունները: Ուկրաինայի կառավարական ուժերը մուտք են գործել արևելյան Կրամատորսկ քաղաք, որտեղ, ըստ Ուկրաինայի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Վասիլ Կրուտովի, կատաղի մարտեր են ծավալվել, որոնց հետևանքով կան զոհվածներ: Նա սակայն չի կարողացել հստակ տվյալներ տրամադրել զոհվածների ու տուժածների թվի մասին: Հանդես գալով Կիևում անցկացված ասուլիսի ժամանակ՝ Ուկրաինայի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Կրուտովը շեշտել է, որ Կրամատորսկում առճակատումը վերածվում է ռազմական երկարատև հակամարտության: Վասիլ Կրուտովի համաձայն, Ուկրաինայի ուժերը դեմ առ դեմ են կանգնել «շատ լուրջ ագրեսորի հետ»: «Այն, ինչ տեղի է ունենում Դոնեցկում և արևելյան ամբողջ տարածաշրջանում ծրագրված կարճաժամկետ գործողություններ չեն: Դա, ըստ էության, պատերազմ է», - նշել է Ուկրաինայի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Կրուտովը: ---------------------------
Ուկրաինայում երկօրյա սուգ է հայտարարվել
Տուչինով. «Մեր զինվորականներն ու օրինապահ մարմինները կշարունակեն պայքարել ահաբեկչության և ավազակության դեմ՝ հանուն մեր պետության խաղաղության և հանգստության»
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը երկօրյա սուգ է հայտարարել Ուկրաինայում՝ հարգանքի տուրք մատուցելու համար «հակաահաբեկչական գործողությունների ընթացքում զոհված հերոսների և Օդեսայում ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին»:
«Ուկրաինայում մայիսի երկուսը ողբերգական օր է դարձել: Իմ խորը ցավակցությունն եմ հայտում զոհվածների ազգականներին և մերձավորներին: Մենք պետք է ճիշտ հետևություններ անենք այս ողբերգությունից, որը նախ և առաջ տեղի է ունեցել արտաքին սադրանքի պատճառով: Այս իրադարձությունների կազմակերպման և հրահրման համար մեղավորները պատիժ են կրելու», - ասված է Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուրչինովը ցավակցական հայտարարության մեջ հավաստիացրել է, որ երկրի զինվորականներն ու օրինապահ մարմինները կշարունակեն պայքարել ահաբեկչության և ավազակության դեմ՝ հանուն Ուկրաինայի խաղաղության և հանգստության:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը հորդորել է դադարեցնել քաղաքացիական բոլոր առճակատումները երկրի ներսում և «միասնական լինել արտաքին ագրեսորի դեմ պայքարում»:
----------------------------------------------------
ԵԱՀԿ-ի դիտորդներին ազատ են արձակել Սլավյանսկում
Ուկրաինայի արևելյան Սլավյանսկ քաղաքում ազատ են արձակվել ապրիլի 25-ին ռուսաստանամետ անջատողականների կողմից կալանավորված ԵԱՀԿ-ի դիտորդները:
«Մենք այժմ կարող ենք հաստատել դիտորդների ազատ արձակման փաստը», - ասել է ԵԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը:
Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդական հատուկ առաքելության ղեկավար, դեսպան Էրթուղրուլ Ապականը խորը վիշտ է արտահայտել Օդեսայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որոնք բերել են բազմաթիվ զոհերի:
Հայտարարության մեջ ԵԱՀԿ-ի դիտորդական հատուկ առաքելության ղեկավարը հորդորել է բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և կարգավորել տարաձայնությունները խաղաղ եղանակով:
«Առկա է լարվածության նվազեցման անհրաժեշտություն: Դիտորդական հատուկ առաքելությունն այստեղ է՝ այս նպատակին աջակցելու համար: Մենք այստեղ ենք՝ Ուկրաինայի ժողովրդի համար», - ասված է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդական հատուկ առաքելության ղեկավար, դեսպան Էրթուղրուլ Ապականի հայտարարության մեջ:
«Պետք է միավորվենք և համատեղ կառուցենք նոր երկիր, որտեղ գերագույն արժեք կդառնան յուրաքանչյուր ուկրաինացու կյանքը, առողջությունն ու բարեկեցությունը», - նշել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը:
----------------------------------------------------------
ԱՄՆ- ը ցավակցություն է հայտնել Օդեսայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ և կոչ է արել միջազգային հանրությանը համախմբվել և աջակցություն տրամադրել Ուկրաինայի ժողովրդին՝ այս ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում:
Միացյալ Նահանգների արտգործնախարարության հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ «անընդունելի են բռնություններն ու խռովությունները, որոնց պատճառով տեղի են ունեցել այսքան անիմաստ զոհեր և վնասվածքներ է ստացել այսքան մարդ: Հորդորում ենք երկու կողմերին աշխատել միմյանց հետ՝ վերականգնելու համար կարգուկանոնը, և հորդորում ենք Ուկրաինայի իշխանություններին մեկնարկել համապարփակ հետաքննություն՝ պատասխանատվության ենթարկելու համար բոլոր մեղավորներին»: