Հայաստանյան ԶԼՄ-ները «2» ստացան (տեսանյութ)
Այսօր՝ մամուլի ազատության օրվան ընդառաջ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը հայաստանյան մամուլը «5» բալանոց սանդղակով գնահատեց «3», իսկ իրանահայ լրագրող, oratert.com և iranahayer.com կայքերի հիմնադիր Ռուբիկ Մինասեանը՝ «2»: Ալավերդյանն ափսոսանք հայտնեց, որ Արցախյան ազատագրական շարժման ազատասիրության, ազատատենչության ալիքը չկարողացանք պահել, և ժողովրդավարացումը, ազատություններն ու առաջին հերթին խոսքի ազատությունը հայերի համար դարձան անլուծելու խնդիրներ: Միաժամանակ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ 20 տարի առաջվա համեմատ՝ այժմ հայաստանյան մամուլն ավելի զարգացած է, ինչը տեղի է ունեցել «ներքևից»՝ տեխնոլոգիաների զարգացման արդյունքում: Հինգ-յոթ տարի առաջվա համեմատ այժմ հեռուստաեթերով կարելի է լսել տարբեր կարծիքներ: «Հաճախ ռադիկալ կարծիքներին ես համամիտ չեմ, բայց ես ուրախ եմ, որ այդ կարծիքները կան, և որ հնարավորություն է ստեղծվել՝ դրանք արտահայտելու,- ասաց Լարիսա Ալավերդյանը և հավելեց:- Ես ստանում եմ տարբեր տեսակետներ՝ պատվիրված կուսակցական, պետական, մասնավորի կողմից, բայց այդ բազմազանությունը, որ չենք ունեցել, հիմա ունենք»: Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ ԶԼՄ-ների ազատությունը կախված է լրագրողներից, և տեսնում է հայաստանցի լրագրողների այդ ճիգերը: Ռուբիկ Մինասեանը, տարիներ շարունակ աշխատելով Հայաստանում, չի տեսել կառավարության կողմից որևէ քայլ՝ ուղղված մամուլն ավելի ազատ դարձնելուն: Նա վստահ է, որ մամուլը չի կարող լինել ազատ, եթե լրագրողն ազատ մտքի տեր մարդ չէ և միայն նպատակ ունի լուրին դնել այնպիսի վերնագիր, որը «քլիք կբերի»: Բանախոսն անհրաժեշտ է համարում, որ լրագրողը կարողանա վերլուծել: Անդրադառնալով սփյուռքահայ ԶԼՄ-ներին՝ Ռուբիկ Մինասեանն ասաց, որ դրանց խնդիրները լրիվ տարբերվում են հայաստանյան ԶԼՄ-ների խնդիրներից: Սփյուռքի համայնքներում հայկական ԶԼՄ-ները ենթակա են տվյալ երկրի սահմանափակումներին, ինչպես, օրինակ, Սիրիայում, Լիբանանում: Սփյուռքահայ մամուլին բնորոշ մյուս առանձնահատկությունը խիստ կուսակցականացված լինելն է: «Նման լրատվամիջոցներում ոչ կուսակցական աշխատող չի կարող լինել: Արդեն ազատ մամուլի մասին խոսելը ավելորդ է դառնում»,- ասաց Ռուբիկ Մինասեանը: