Կառավարությունում ոչինչ չի փոխվել. Իսագուլյան (տեսանյութ)
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ Թուրքիան անպայման փորձելու է նվազեցնել այն ճնշումը, որը գործադրվելու է 2015-ից առաջ: Իսագուլյանը վստահ է, որ Ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունների նպատակը բացառապես դա էր: Բանախոսն անհրաժեշտ է համարում, որ Հայաստանը հետ կանչի հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից, չեղյալ հայտարարի իր ստորագրությունը: Իսագուլյանի խոսքով՝ Հայաստանի վրա կլինեն ճնշումներ Արևմուտքից, հատկապես արձանագրությունները նախաձեռնած երկրներից, սակայն մեր երկիրը շատ ծանրակշիռ փաստարկներ ունի, այդ թվում այն, որ արձանագրություններն օրակարգում թողնելն ի վնաս իրեն է: Միաժամանակ Իսագուլյանն ափսոսանքով արձանագրեց, որ Հայաստանն ակտիվ արտաքին քաղաքականության առումով գործոն կամ սուբյեկտ չէ և անում է այն, ինչ ասում են: «Սա ամենամեծ ողբերգությունն է, որ այսօր առկա է»,- ասաց Իսագուլյանը: Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ Գառնիկ Իսագուլյանը երազանք անվանեց ու հերքեց այն լուրերը, թե «Բարգավաճ Հայաստանը» կարող է դուրս գալ քառյակից: Նա նշեց, որ անձամբ է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, և բոլոր այն հայտարարությունները, որ վերջինն արել է կուսակցության յոթերորդ համագումարում, մնում են ուժի մեջ: «Մնացած բոլորը ասեկոսեներ են»,- ասաց Իսագուլյանը: Խոսելով նոր կառավարության մասին՝ բանախոսը նշեց, որ եթե այն հենց նույն օրը չի վերացնում հասարակության աչքը ծակող խնդիրները, ապա նշանակում է՝ կառավարությունում ոչինչ չի փոխվել՝ բացի անուններից: Որպես այդպիսի խնդիրներ՝ Իսագուլյանը մատնանշեց կարմիր գծերը, պարտադիր կուտակային կենսաթոշակի մոդելը, արագաչափերն ու տեսախցիկները: Իսագուլյանի խոսքով՝ Հայաստանում տեսախցիկները հարստացման միջոց են ոմանց համար և պատժիչ մեխանիզմ՝ վարորդների համար: Բանախոսն արձանագրեց, որ նոր կառավարությունը չի լուծում այս խնդիրները: