ԲՀԿ-ական Տ. Ուրիխանյանը հայտարարում է, որ ընտրել է Հրանտ Բագրատյանին
ԱԺ նիստին զուգահեռ այսօր տեղի ունեցավ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը: ՀՀԿ-ն առաջադրել էր հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունը: Ըստ Դոնթի բանաձեւի՝ ԱԺ բոլոր պատգամավորները պետք է մասնակցեն փակ, գաղտնի քվեարկությանը՝ դեմ կամ կողմ արտահայտվելով Հովհաննես Սահակյանի թեկնածությանը: Ընտրությանը ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» չմասնակցեցին, ԲՀԿ պատգամավորներից եղան մասնակիցներ: Ի դեպ, այս քվեարկությանը մասնակից ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը եւս Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, վստահեցրեց, որ երեկ՝ ԱԺ նախագահի ընտրությանը, ինքն ընտրել է ՀԱԿ պատգամավոր, ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանին եւ միայն հիվանդ երեւակայությամբ մարդը կարող էր ընտրել Գալուստ Սահակյանին: Մինչդեռ, երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ 3 հոգի է քվեարկել Հրանտը Բագրատյանի օգտին, որոնցից մեկը հենց Հրանտ Բագրատյանն էր, մյուսը Ալեքսանդր Արզումանյանը, որ նկարել էր իր քվեարկությունը, երրորդը Նիկոլ Փաշինյանն էր։ ԲՀԿ եւ ՕԵԿ գրեթե բոլոր պատգամավորները մասնակցել էին ընտրությանը եւ ըստ քվեարկության արդյունքների՝ պարզ էր դարձել, որ ընտրել են ՀՀԿ թեկնածու Գալուստ Սահակյանին: Այսօրվա քվեարկության արդյունքները կամփոփվեն ընդմիջումից հետո՝ 14:30-ին: Ի դեպ, ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանն այսօր շրջում էր երեք թիկնապահի ուղեկցությամբ: