Արմեն Աշոտյանը` սոցիալական ցանցերի նախարար (տեսանյութ)
ԿԳ նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնողները շարունակում են գոռալ և պահանջել, որ Արմեն Աշոտյանը իջնի և հանդիպի իրենց հետ: «Եթե նա չիջնի, ես դիմելու եմ կառավարությանը, որպեսզի մի նոր` սոցիալական ցանցերի նախարարություն բացեն և Արմեն Աշոտյանին նախարար նշանակեն, և այդ ժամանակ նրան ոչ ոք չի մեղադրի կաբինետում նստելու և ֆեյսբուքում գրառումներ անելու համար», - ասացին ակցիայի մասնակիցները: Ակցիայի մասնակիցների փոքրաթիվ լինելը, ըստ «Դեմ եմ » նախաձեռնության անդամների, պայմանավորված է նրանով, որ շատ ուսուցիչներ չեն միացել ակցիային, քանի որ վախենում են իրենց աշխատանքը կորցնել. «Չփորձեք և չհամարձակվեք որևէ մանկավարժի մեզ հայտնի մեթոդներով աշխատանքից հեռացնել», - նշեցին նրանք: Մանկավարժները հայտարարեցին, որ չեն հեռանա, մինչև չհանդիպեն Արմեն Աշոտյանի հետ: Քիչ առաջ, տեղեկություն ստացվեց, որ Արմեն Աշոտյանը նախարարությունից դուրս է եկել: «Փաստորեն նա գողեգող հեռացավ և չցանկացավ լսել իր ղեկավարած ոլորտի մարդկանց», - հայտարարեցին մանկավարժները: Ավելի ուշ ցուցարարներին կրկին մոտեցավ ԿԳՆ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը եւ եւս մեկ անգամ հայտնեց, որ նախարարի առաջարկը ուժի մեջ է, եւ նա պատրաստ է ընդունել ուսուցիչներին, դասախոսներին։ Ակցիայի մասնակիցների խոսքով, Արմեն Աշոտյանն իր իրական վերաբերմունքը ցույց տվեց ուսուցիչների նկատմամբ եւ ապացուցեց եւս մեկ անգամ, որ նրանք նախարար չունեն եւ չեն էլ ունեցել։ «Հույս պետք չէ դնել ԿԳ նախարարի վրա, մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք անում, նա մեզ չի օգնելու»,-ասացին ակցիայի մասնակիցները եւ հուսահատ հեռացան։