Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գ. Սահակյանը երիտասարդ է իր մտքերով»

Քաղաքականություն
10301066_705466099515421_2384254855582219985_n2

ԱԺ նախագահի հաջորդ թեկնածու, ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանն իր ելույթը սկսեց ինքնակենսագրականով: Նա ընդգծեց, որ տիրապետում է 5 լեզվի եւ իր վարչապետության տարիներին` 1993-1996թթ., կայունացրել է ՀՀ դրամն ու տնտեսական աճ ապահովել: Նա 6 կետ ներկայացրեց, որոնք սկզբունքային են լինելու իր համար, եթե դառնա ԱԺ նախագահ: Առաջին հերթին նա կարեւորեց խորհրդարանական ընդդիմության դերի բարձրացումը. «Նորմալ վերահսկիչ գործառույթները պետք է լիովին տրվեն ընդդիմությանը` անկախ նրանից, թե ինչ քանակով են նրանք ներկայացված ԱԺ-ում: Հակառակ դեպքում մենք կորցնում ենք շանսը վերահսկելու եւ արդյունքում կորում է ցանկացած հանցագործություն»: Պարոն Բագրատյանը նաեւ պատրաստվում է վերափոխել ամբողջ բյուջետային գործընթացը. «Պետական բյուջեում ընդամենը մի տողով ենք հաստատում եկամուտները: Կառավարությունը եկամուտները հավաքում է այնպես, ինչպես ուզում է: Ես նաեւ պատրաստվում եմ ընդլայնել պատգամավորների իրավունքը»: «Տիկին Զոհրաբյանը հիացած է ձեր ելույթով, պարոն Բագրատյան»,- ժպիտով նկատեց Էդուարդ Շարմազանովը: «Ժառանգություն» խմբակցության կողմից ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Հակոբյանը կարեւորեց պառլամենտական դիվանագիտության խորացումը. «ՀՀ-ն ճամպրուկային տրամադրություն ունի` արտագաղթը ահռելի չափերի է հասնում: Մենք իսկապես վատ վիճակում ենք, քաղաքական իրավիճակը արնածոր վիճակի է հասցրել մեզ բոլորիս»: Թե Հրանտ Բագրատյանին, թե Ռուբեն Հակոբյանին հարցեր չուղղվեցին: Ի պաշտպանություն Ռուբեն Հակոբյանի` ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Նա նշեց, որ մի վայրկյան անգամ չի կասկածում Ռուբեն Հակոբյանի արժանիքների վրա. «Հարգանքով եմ վերաբերվում Գալուստ Սահակյանի անցած ճանապարհին, սակայն կոչ եմ անում ձեր ձայնը տալ Ռուբեն Հակոբյանին: Հիմնավորեմ ասածս: ԱԺ նախագահի պաշտոնը ընդդիմությանը զիջելով` քաղաքական մեծամասնությունը կապացուցի, որ աթոռին կառչելու ձգտում չունենալը հենց այնպես խոսքեր չեն: Ընտրելով Ռուբեն Հակոբյանին` ԱԺ-ն իր վերաբերմունքը կհայտնի նաեւ մեր ընտրողների նկատմամբ»: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը հանդես եկավ ի պաշտպանություն ՀՀԿ թեկնածու Գալուստ Սահակյանի: Ըստ Գագիկ Մինասյանի` Գալուստ Սահակյանը միշտ եղել է երիտասարդ իր մտքերով ու վարակել բոլորին. «Նա բարդ իրավիճակներում կարողացել է գտնել կոմպրոմիսային տարբերակներ, երբ շատերիս համար խնդիրն անլուծելի էր թվում»: