«Եկել եք՝ նեյնիմ եք անում». Ա. Մանուկյանը՝ Սեւանի ծրագրի մասին (տեսանյութ)
«Սեւանի հիմնախնդիրը հայ ժողովրդի համար կարեւորագույն խնդիր է, եւ ջրի բացթողումն այսօր զուտ օրվա խնդիր է լուծում եւ չհիմնավորված է»,-ԱԺ-ում իր ելույթում անդրադառնալով կառավարության ներկայացրած «Սեւանի մասին» նախագծին՝ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Պարոն Մանուկյանը լճի մակարդակի իջեցման եւ բարձրացման մի քանի թիվ ներկայացրեց։ «Սեւանի մակարդակը վերջին 60 տարվա ընթացքում իջել է 16 մետր եւ այն էկոլոգիական լուրջ աղետի պատճառ կարող է դառնալ։ Անգամ լույս չեղած տարիներին՝ 1993-94թթ. կառավարության որոշումներով եղել է ընդամենը 140 մլն խորանարդ մետր ջրի բացթողում, այսինքն ՝ այդ ժամանակվա ջրի բացթողումը եղել է էսօրվա ամենաքչից էլ քիչ։ 2002-2005թթ. ջրի բարձրացումը եղել է 135 սմ։ 2006-09թթ-ին՝ բարձրացել է 75 սմ, վերջին երեք տարվա ընթացքում բարձրացել է 25 սմ, վերջին երկու տարվա ընթացքում 5 սմ։ Ես սրանով փորձում եմ ապացուցել, որ կառավարությունը վերջին 3-4 տարիների ընթացքում նպատակային, ուղղակիորեն դադարեցրել է Սեւանի մակարդակի բարձրացման խնդիրը»։ Նա համաձայն չէ կառավարության այն հիմնավորումների հետ, ըստ որոնց՝ Արարատյան դաշտավայրը ոռոգման ջրի խնդիր ունի. «Արարատյան դաշտավայրում ընդամենը 700-800 մլն խմ է պետք ոռոգման խնդիրը լուծելու համար։ Այս ոռոգման խնդիրը նաեւ պատրվակ է Սեւանից հավելյալ ջուր բաց թողնելու համար։ Իրականում խնդիր է դրված պաշտպանել Սեւանա լճի մերձակայքում տեղակայված օբյեկտները»,-ասաց պարոն Մանուկյանը՝ հավելելով, որ այս նախագծով կլուծվի մի քանի ընտանիքների բիզնես ծրագրի հարցը։ «Եկել եք նեյնիմ եք անում, որ այլ կերպ խնդիրը չեք կարող լուծել, էհ, ջրամբարների խնդիրը լուծեիք»,-եզրափակեց Արամ Մանուկյանը։