Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՄՆ նախագահը չի արտասանի Ցեղասպանություն բառը» (տեսանյութ)

Քաղաքականություն
amatuni-virabyan

«Ազգային արխիվը քաղաքականությամբ չի զբաղվում, մեր նպատակն է ցույց տալ, թե ինչ է եղել 1915 թվականին և ինչպես»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին՝ հայտարարեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: «Մեր խնդիրը գիտականորեն մշակված, առանց խմբագրելու փաստաթղթերի ներկայացումն է: Այդ աշխատանքները սկսվել են 10 տարի առաջ և շարունակվելու են. փաստաթղթերը արդեն հրատարակվում են, եռահատոր է հրատարակվել, դրանից մեկ հատոր էլ անգլերեն»,- տեղեկացրեց Ամատունի Վիրաբյանը: Նրա խոսքով`Ցեղասպանության հետ առնչվող փաստաթղերի այլ լեզուներով հրատարակումը շարունակվում է: Վիրաբյանը նշեց, որ փաստաթղթերը հրապարակվում են նաև թուրքերեն, ռուսերեն եւ այլ լեզուներով: Ազգային արխիվի տնօրենը նշում է, որ իրենց խնդիրներից մեկը զոհված հայ բնակչության մասին տեղեկությունների շտեմարանի ստեղծումն է. «Մեր նպատակն է նաև ցույց տալ հայերի կրած նյութական վնասները»,- ասաց նա: Վիրաբյանը նկատում է`նմանատիպ աշխատանքներ իրականացնելու համար ֆինանսական լուրջ հնարավորություններ են անհրաժեշտ: Ամատունի Վիրաբյանն ընդգծում է, որ պարսկական արխիվներում եւս կան մեծաթիվ փաստաթղթեր: Թուրքական արխիվներում նույնպես կան փաստաթղթեր, բայց դրանք զինվորական արխիվներում են, որոնք փակ են անգամ Թուրքիայի մասնագետների համար: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշում է, որ իրենց աշխատանքներն ուշացած չեն, ավելին 2015 թվականից հետո էլ իրենք նույնպես շարունակելու են փաստաթղթերի հրապարակումը: Վիրաբյանն ընդգծեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի արտասանի Ցեղասպանություն բառը, հակառակ դեպքում սենատը կհաստատի հայոց ցեղասպանությունը: