Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրաքահայերի և սիրիահայերի միջև տարբերություն են դնում»

Քաղաքականություն
iraqahay-2

Իրաքահայ Ջոկյանների ընտանիքը հայաստանյան պայմաններին չի հարմարվել: Նրանք արդեն 3 տարի է՝ ապրում են Արարատի մարզի Դարբնիկ գյուղում` սիրիահայերի համար կառուցված հանրակացարանում: Ջոկյանները, սակայն, ցանկանում են Իրաք վերադառնալ. «Ուզում եմ Իրաքի հյուսիսային մասն ալ վերադառնիմ, էնտեղ փոքր- ալ խաղաղ է վիճակը, Հայաստան չեմ կրնա ապրիմ` աշխատանք ալ չկա», - «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Սեդա Ջոկյանը: Տիկին Սեդայի խոսքով` Հայաստանում չի կարողանում ապրել առաջին հերթին հենց աշխատանք չունենալու պատճառով: Իրաքում Հայաստանի դեսպանատան նախկին ավագ խոհարարը հիմա անգործ է մնացել: Ասում է` իր տարիքի կնոջը մեր երկրում աշխատանք չեն տալիս. «Մեծ սիրով կաշխատիմ, հեսա բերին ստեղ կաֆե դնին, գործարան դընին, կաշխատիմ», - ասում է Սեդա Ջոկյանը: Տիկին Սեդային ամենից շատ զայրացնում է այն փաստը, որ 27-ամյա որդին է առանց աշխատանք մնացել: Գյուղում աշխատատեղ չկա, իսկ Երևանում աշխատանք փնտրելը ձեռնտու չէ գյուղում ապրողի համար. «Երևան պետք է գնա աշխատանքի, բայց եղած փողն էլ պետք է տաքսուն տա, Երևանից մինչև Դարբնիկ տաքսին 2000 դրամ ա վերցնում, իսկ գյուղի ավտոբուսը ժամը 6-ից հետո չի աշխատում», - բողոքում է իրաքահայ Սեդան: Ջոկյանների ընտանիքը գոյատևում է Իրաքում բնակվող բարեկամների օգնության միջոցով: Հայաստանում որևէ պետական կառույցից օժանդակություն չեն ստացել: Տիկին Սեդան դժգոհում է, որ պատկան մարմինները իրաքահայերի և սիրիահայերի միջև տարբերություն են դնում: Ըստ նրա` մեր երկրում իրաքահայերն անտեսված են. «Սուրյահայերին օգնություն են տալիս, իրաքահայերուն ` ոչ, սուրյահայերին ուտելիք են տալիս, փող, շոր, մեզի ոչինչ էլ չեն տալիս, ում էլ կդիմինք` էլի չեն տալ»: Տիկին Սեդան նշում է, որ իր բողոքն այլևս չի բարձրացնում, քանի որ Հայաստանում իր ձայնը տեղ չի հասնում: