«« Արա»-ով խոսող մարդը չի կարող երկիր զարգացնել» (տեսանյութ)
Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը առանձնակի սպասելիքներ չունի նոր վարչապետից ու կառավորությունից, բայց շատ կցանկանար, որ իշխանությունները սկսեին մտավորականներին հաշվի առնել։ «Երբ ասում են՝ ինչու է մտավորականը իրեն հեռու պահում, այդքան էլ ճիշտ չէ, մտավորականը իր գործով է զբաղվում։ Դանակ-մկրատ սրողների պես փողոցում ման չենք գալու ու մեզ առաջարկենք, պետք ենք՝ հրավիրեք, ձեռք մեկնեք մեզ։ Մենք չէ, որ պետք նրանց մոտ գնանք, նրանք պետք է գան մեզ մոտ»,-նկատեց նա։ Ճարտարապետի կարծիքով՝ այսօր մտավորականի կերպարը մեզանում խեղաթյուրվել է.« Ով բարձրագույն կրթություն ունի, մի 15 գիրք է կարդացել,գուչի-մուչիի դերձակների շոր է հագնում, ասում են մտավորական, իրականում մտավորականը բարոյական կատեգորիա է, մտավորականի ասածը պետք է հետևանքներ ունենա հասարակության համար, եթե այդպես չէ, էլի ինչո՞ւ ենք խոսում»։ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը չի կիսում պարոն Իգիթյանի կարծիքը, թե հասարակությունը չի լսում մտավորականներին։ Ըստ նրա մտավորականներն են իրենց խոսքի սխալ հասցեատեր ընդունում.«Մեր խոսքը մենք ուղղում ենք կառավարությանը, մինչդեռ պիտի ուղղենք հասարակությանը, որը պետք է ազդի կառավարության գործունեության վրա։ Եթե իշխանությունը չի արձագանքում մտավորականության խոսքին, դա իր խնդիրն է, և այսօր ունենք այն, ինչ ունենք՝ մեր երկրում հակամշակութային մթնոլորտ է»: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, պարոն Բաբայանը խոստովանեց, որ արդեն երկար ժամանակ է, ինչը որևէ ակնկալիք չունի իշխանություններից.«Հովհաննես Թումանյանը մի հրաշալի հեքիաթ ունի՝«Քեֆ անողին, քեֆ չի պակսի», արվեստը տոն է, որը պետք է վայելել ամեն օր։ Կուզենայի, որ կառավարությունը ունենար հստակ ծրագիր, թե որտեղ է տեսնում Հայաստանի մշակութային ապագան, ի վերջո ինչ արժեքային համակարգում։Մշակույթը պետք է բոլորին, բայց ԱԺ-ում «արա»-ով խոսացողը մարդը երբեք չի կարող զբաղվել մշակույթի ու ընդհանրապես երկրի զարգացմամբ»,-եզրափակեց նա։