Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտանիքը հայտնվեց փողոցում վարկի պատճառով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
066dc7ac2afba3e5cb07479bb7bcfb6a

Այսօր ոտնահարվել է Երեւանի բնակիչներից մեկի սեփականության իրավունքը: Կարեն Պոդոսյանն այսօր կորցրեց իր բնակարանը` բանկից վարկ վերցնելու պատճառով: Կարեն Պոդոսյանն ու նրա բազմանդամ ընտանիքն այսօրվանից հայտնվելու են փողոցում: ԴԱՀԿ-ն այսօր բռնագանձեց նրանց ամբողջ գույքն ու դատարանի որոշմամբ` նրանց վտարեց Արշակունյաց 30 հասցեում գտնվող իրենց բնակարանից: Տան համասեփականատերերից Կարեն Պոդոսյանի վստահեցմամբ` սա Կադաստրի պետական կոմիտեի եւ «Հայբիզնեսբանկ»-ի ապօրինի գործողությունների հետեւանք է: Խնդիրն առաջացել էր այն բանից հետո, երբ Կարեն Պոդոսյանին պատկանող «Լումարի» ՍՊԸ-ն 2009թ. «Հայբիզնեսբանկ»-ից վարկ վերացնելու նպատակով գրավ է դնում Արշակունյաց 30 հասցեի բնակարանը: Այս ընթացքում Կարեն Պոդոսյանին պատկանող ՍՊԸ-ն մի քանի անգամ վճարումներ է կատարում բանկ, սակայն որոշ ժամանակ անց դատարանի որոշմամբ բնակարանի վրա արգելանք է դրվում: Կարեն Պոդոսյանի վստահեցմամբ` բացի այդ, այս ընթացքում Կադաստրի պետական կոմիտեն հօգուտ «Հայբիզնեսբանկ»-ի ապօրինի միջամտություն է կատարում։ «Գույքն արգելադրված ժամանակ ինքը բռնել սեփականության իրավունք է փոխել: Դրա համար մենք դիմել ենք դատախազություն: Որպեսզի դատախազությունը պարզաբանի, թե ինչ հանգամանքներից ելնելով են կարողացել արգելանք դրված վիճակում սեփականության իրավունք փոխել»,- ասում է Կարեն Պոդոսյանը: Բանկի սեփականություն դարձած բնակարանից դատարանի որոշմամբ պետք է վտարվեն բոլոր բնակիչները, մինչդեռ նրանցից մեկի` Գեւորգ Պոդոսյանի անունը չկա: ԴԱՀԿ պատասխանատուն վստահեցնում է` իրենք ունեն բոլոր օրինական փաստաթղթերը։ «Իհարկե ունենք, առանց որոշման ի՞նչ գործ ունենք այստեղ: Բոլորի հետ կապված ունենք, ում հետ կա վճիռ, մենք նրանց հետ ենք մեր գործողությունները կատարում»,- ասում է ԴԱՀԿ օպերատիվ բաժնի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը: «Հայբիզնեսբանկ»-ի ներկայացուցչի հետ չկարողացանք զրուցել: Նա ԴԱՀԿ աշխատողներին հանձնեց բանկի տեղեկանքն ու արագ հեռացավ: