«Դեմ եմ» շարժումից է ծնվելու Հայաստանի ապագան. Սադոյան (տեսանյութ)
Ծիծաղելի է, որ և կառավարության հրաժարականը, և ապագա վարչապետի մասին խոսակցությունները տարվում են այնպես, որ ՀՀԿ-ականներն ասում են` մենք ոչինչ չգիտենք, նախագահը կորոշի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԽ Ձեռնարկատերերի և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը։ Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում իշխող քաղաքական ընդդիմադիր ուժեր չկան, դրանք, ըստ Սադոյանի՝ դեկորացիա են ուղղակի։ Իսկ սոցիոլոգ Ադիբեկյանը գտնում է, որ մեր տնտեսությունը չունի այն որակը, որ վարչապետից կախված լինի նրա առաջընթացը: Նրա գնահատմամբ՝ մեզ պետք է վարչապետ, որը պետք է հասկանա արդյունաբերությունից և փոքր ու միջին բիզնեսի առաջընթացի համար քայլեր ձեռնարկի։ Անդրադառնալով վարչապետի հրաժարականի հարցին,՝Ադիբեկյանն ասաց. «Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց՝ փրկելով իր դեմքը»։ Նրա համոզմամբ` Տիգրան Սարգսյանի հրաժարականն իր կամքով է եղել: Ադիբեկյանը նաև հայտնեց, որ իրենք պատրաստվում են մեկ ամսից հետազոտություն ներկայացնել, թե Հայաստանում քանի տոկոսն են դեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Սադոյանն ասաց, որ Ադիբեկյանն իր հետազոտությունները սկսել է հեռվից, որտեղ ոչ ոք բան չի հասկանում կուտակայինի մասին։ Այս հարցի շուրջ բանախոսները վիճեցին։ Սադոյանը նաև ասաց, որ «Դեմ եմ» շարժումից է ծնվելու Հայաստանի ապագան։ Ադիբեկյանը նշեց, որ իր համար ամոթ է քիչ թոշակ ստանալը, իսկ Սադոյանն Ադիբեկյանին ասաց, որ նա ուրիշ տեղերից եկամուտ ունի և չի հարգում այսօրվա թոշակառուներին։