Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւանում իշխանի վերականգման ծրագիրը բիզնես է ու ռիսկեր է պարունակում (տեսանյութ)

Հասարակություն
6826ca4a54a67d9caeb27c8ad325fd4c

ՀՀ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը կողմ է «Սևանա լճում իշխանի պաշարների զարգացման և ձկնաբուծության համալիր» ծրագրին, չնայած չի բացառում, որ ծրագիրը իր մեջ ռիսկեր պարունակում է։ Ծրագրով նախատեսված է՝ մինչև 2023թ-ը ցանցավանդակային եղանակով իշխանի արտադրությունը Սևանա լճում հասցնել տարեկան մինչև 50 000 տոննայի, ինչի համար տարեկան լիճ պետք է լցվի նաև 50 000 տոննա ֆոսֆոր և ազոտ պարունակող արհեստական կեր: Պարոն Գաբրիելյանի խոսքով՝ այս ծրագրի դրական կողմն այն է, որ մենք այս վատ պայմաններում ունենք մի հնարավորություն՝ ի վերջո լրացնել Սեւանի ձկնային պաշարները։ «Արտադրված ձկան 1,5 տոկոսը պետք է բաց թողնվի լիճ։ Մնացածը՝ վաճառվի։ Սա բիզնես է։ Այս ծրագիրը կիջեցնի որսագողությունը։ Բացասական կողմն այն է, որ լրացուցիչ օրգանական նյութի արտահոսք է լինելու Սևան, բայց մենք ոչ թե պետք է միանգամից ասենք ոչ, այլ օգնենք, որ այդ ազդեցությունը Սևանի էկոհամակարգի վրա նվազեցվի։ Կարևոր է, որ թույլատրելի սահմանները չգերազանցվեն»,-ասաց Բարդուխ Գաբրիելյանը։ Պարոն Գաբրիելյանի տվյալներով` ձկների արտադրության ցանցավանդակը տեղադրվելու է ափից մի քանի կմ հեռու։ ՀՀ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրենն անդրադարձավ նաեւ վաճառվող սիգին՝ ասելով, որ դա Սեւանի սիգ է, որը վերջին տարվա ընթացքում ավելացել է։ Ըստ պարոն Գաբրիելյանի՝ անցյալ տարվա դեկտեմբեր ամսվա ուսումնասիրությունների համաձայն սիգ ձկան պաշարը հասել է 324 տոննայի։ Սիգի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 1989-1991թթ.՝ 28-30 հազար տոննա։