Մեր երկրում ուղեղների ճգնաժամ է. Բ. Ասատրյան
Եթե ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը շարունակեր մնալ պատգամավոր, ապա կառաջարկեր տոների մեջ մտցնել երեկվա օրը՝ որպես հայ իշխանության թշվառության օր: Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին նման դիտարկում արեց նա՝ լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ Բոստանջյանի՝ Տիգրան Սարգսյանն ավելի վաղ էր տրամադրված հեռանալու, բայց նրան չէին թողնում. «Չմտածենք՝ ով է լինելու հաջորդ վարչապետը, այլ մտածենք համակարգային փոփոխության մասին: Սենտիմենտալ կարող է հնչի խոսքս՝ ուղղակի մեր բարձրաստիճան պաշտոնյաները պետք է սիրեն այս երկիրը, չմտածեն, որ այս երկիրը միայն կեղեքելու համար է, սակայն այս խելոք ժողովուրդը ստացել է պսիխոզ՝ կերակրատաշտին մոտ լինելու համար ուղեղի տրամաբանությամբ դա չեն անի»: Իսկ տնտեսագետ Բագրատ Ասատրյանն անտարբեր է ու լուրջ չի ընդունում վարչապետի հրաժարականը. «Տասնյակ տարիներ շարունակ տնտեսական ծրագրեր էին մշակում, ու ոչ մի բան, մեկ էլ հանկարծ աքաղաղը կանչեց ու շրջադարձ եղավ: ՀՀԿ-ն ոչ մի պատասխանատվություն ոչ մի բանի համար չի կրում: Մեր խնդիրը վարչապետը չէ, այլ քաղաքական համակարգի խնդիր է. հիմա ունենք տնտեսական շատ ավելի սուր խնդիրներ, քան եղել է սրանից վեց տարի առաջ: Տնտեսական ճգնաժամ ամբողջ աշխարհում եղել է, մեր երկրում ուղղակի ուղեղների ճգնաժամ է»: