Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

“Այս կամ այն անձի փոփոխությունը հարցի լուծում չէ”

Քաղաքականություն
66

Այս պահին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը էական ազդեցություն չի կարող ունենալ “ԴԵՄ ԵՄ” քաղաքացիական շարժման հետագա ընթացքի վրա: “Ա1+”-ի հետ զրույցում կարծիք հայտնեց նախաձեռնության անդամ Արման Ավետիսյանը` ավելացնելով. “Մեր դիրքորոշումը հստակ է եւ անձերի փոփոխությունը չի կարող մեզ շեղել մեր նպատակին հասնելու ձգտումից: Մենք ջանք ու եռանդ չենք խնայելու` պարտադիր բաղադրիչը հանելու պայքարի հաջողության համար: Իսկ դրական, թե բացասական ազդեցություն կունան այս հրաժարականը մեր շարժման վրա, կերևա առաջիկայում, երբ պարզ կլինի, թե ով է հաջորդ վարչապետը եւ ինչ սոցիալական քաղաքականություն կորդեգրի ապագա կառավարությունը”: Ըստ նրա` իրենց շարժման վրա կարող է միայն ժողովրդի կամքը որոշիչ լինել, իսկ վարչապետի հրաժարականն այս պահին միայն ինչ-որ գործընթացի սկիզբ է, որի հաջորդ փուլը կլինի նոր վարչապետի նշանակումը եւ նոր կառավարության ձևավորումը: Ինչ է պատրաստվում անել “ԴԵՄ ԵՄ”-ը, արդյոք կփորձի ձեռնարկել հրատապ քայլեր. “Մեր քայլերի մասին հանգամանալից եւ մանրամասն կասենք 12-ի հավաքին: Թեեւ ամեն ինչ հնարավոր է շատ արագ փոխվող աշխարհում, սակայն այս պահին նման խնդիր չեմ տեսնում. մենք միշտ ասել ենք` պատրաստ ենք երկարատեւ, առանց շտապելու, հետեւողական պայքարի, երբեք հապշտապ որոշումներ չենք կայացնում”: Արդեն իսկ շրջանառվում են լուրեր, որ վարչապետի հրաժարականը պայմանավորված է նաեւ հասարակական ճնշմամբ` պարտադիր կուտակային համակարգի դեմ: Արդյոք դա այդպես է. “Իմ անձնական դիտարկումներով` չեմ կարծում, որ հրաժարականը ամբողջությամբ պայմանավորված է կուտակայինի հետ կապված խնդրով, սակայն հնարավոր է, որ այն ևս իր ազդեցությունը թողել է: Ցանկացած կառավարություն անզոր է դիմակայելու հասարակական ճնշմանը. ի վերջո, կառավարության գործատուն հասարակությունն է և ինքն է որոշում, թե ինչպես պետք է աշխատի կառավարությունը, համենայնդեպս` իդեալական դեպքում այդպես է, իսկ մենք հենց դրան ենք ձգտում”:             Նախաձեռնության մեկ այլ անդամ` Դավիթ Մանուկյանը մեզ հետ զրույցում եւս նկատեց. “ԴԵՄ ԵՄ” շարժման օրակարգում չի եղել ու չկա կառավարության կամ վարչապետի կամ որևէ այլ պաշտոնյայի հրաժարական: Դա մեր օրակարգից դուրս հարց է, ուստիև “ԴԵՄ ԵՄ”-ը դրա հետ կապված գնահատական հիմա չի էլ ձգտում տալ: Սակայն ես, լինելով ՀՀ քաղաքացի, բնականաբար չեմ կարող անտարբեր լինել և շեշտում եմ` մեր շարժման դրած խնդիրը հստակ է ու կոնկրետ և իմ անձնական կարծիքով` պաշտոնատար այս կամ այն անձի փոփոխությունը հարցի լուծում չէ”: Նա ես մեկ անգամ ընդգծեց` քաղաքացիական իրենց շարժման խնդիրը վիճահարույց “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի պարտադիր բաղադրիչն է: