Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչով կօգնեն գյուղացիներին

Հասարակություն
curt1

Կառավարության նիստում անդրադարձ է եղել վերջին օրերին եղանակային կտրուկ փոփոխությունների պատճառով գյուղատնտեսությանը լուրջ վնաս հասցնելու հետ կապված խնդիրներին: Վարչապետը նշել է, որ երկու-երեք օրվա ընթացքում կամփոփվեն վնասի չափերը: «Շուրջ 11500 հա-ի վրա մենք արձանագրել ենք վնասներ, և այսօր մարզպետները, գյուղնախարարը մանրակրկիտ ուսումնասիրում են ըստ տնտեսությունների, փորձում են գնահատել վնասի ծավալները, որպեսզի օգնությունը և օժանդակությունը լինի առարկայական: Դեռևս ժամանակ ունենք գյուղատնտեսական տարվա ընթացքում շտկելու այն վնասները, որ եղանակային պայմանները հասցրել են, և մենք օգնելու ենք գյուղացիներին, որպեսզի նրանք ստանան լրացուցիչ տարբեր տեսակի սերմեր, պարարտանյութ, որպեսզի այս տարին այդ տնտեսությունների համար կորցրած տարի չլինի: Մենք նաև դիմել ենք Կենտրոնական բանկին` խնդրելով, որպեսզի ֆինանսական խնդիրները քննարկվեն: Պարոն Ջավադյան, ունե՞նք արդեն մոտավոր պատկերը»,- հարցրել է վարչապետը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան- Արդեն իսկ տեղերում որոշակի ուսումնասիրություններ արել ենք, տարբեր գյուղերում հարցումներ ենք կատարել: Բացի այդ, աշխատանք է տարվում բանկերի և վարկային կազմակերպությունների հետ: Մի քանի օրից ամբողջական պատկերը Ձեզ կներկայացնեմ: Կարող եմ ասել, խոսքը մոտավորապես 6 մլրդ վարկային ներդրումների մասին է: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան-Շատ լավ, ինչպես անցած տարի մենք Արմավիրի մարզում գյուղացիական տնտեսություններին օգնեցինք վարկային միջոցներով , վերաձևակերպումներով, այս տարի նույն գործիքը կօգտագործենք և պետական բյուջեն կաջակցի: Մենք կօգնենք գյուղացիական տնտեսություններին ֆինանսական խնդիրները հաղթահարելու հարցում, որպեսզի նրանք կարողանան և գարնանացանը, և աշնանացանը իրականացնեն: Երկու օրվա ընթացքում նաև պարոն Գևորգյանը կամփոփի արդյունքները, և մենք հստակ պատկերացում կունենանք ծավալների մասին, դրանից հետո կհայտարարենք մեր օգնության մասին, արդեն առարկայական` ըստ իրողությունների, և ըստ գումարի չափի: ՀՀ կառավարություն