ՍԴ որոշման մեջ կարելի է տեսնել՝ ինչ ուզում ես. սողանցք իշխանության համար (տեսանյութ)
Հայ Ազգային Կոնգրեսում այսօր փորձում էին հասկանալ, թե «պարտադիր կուտակային» օրենքի մի շարք դրույթների հակասահմանադրականությունը ճանաչելիս ի՞նչ նկատի ուներ Գագիկ Հարությունյանը հետեւյալ նախադասությամբ. «Սույն որոշումով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել սույն թվականի սեպտեմբերի 30-ը»։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է, թե Սահմանադրական դատարանը Ազգային Ժողովին մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել վերացնել մոտ 50 օրենքի հակասահմանադրականությունը. «Սա ոչ թե փող հավաքելու համար է ժամկետ, այլ եղած օրենքները վերցնելու, բերելու մտցնելու սրա տակ»։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահ է, որ պարտադիր կուտակայինը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը, այսինքն՝ շարունակելու են հավաքել մարդկանց փողերը՝ առանց նրանց կարծիքը հարցնելու. «Տեսականորեն, եթե իշխանությունը այդ հզորությունն իր մեջ գտնի, ինքը կարող է օգտվելով ՍԴ-ի տված այս սողանցքից՝ պահպանել այս պարտադիր վճարումների ռեժիմը»։ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանը արդեն վստահեցրել է նույնը, ինչ ասում է Լեւոն Զուրաբյանը՝ պարտադիր կուտակայինը մնում է ուժի մեջ: Դաշնակցական Արծվիկ Մինասյանը նկատում է՝ նման բան չկա, այնուհետեւ Դավիթ Հարությունյանին եւ ոչ միայն նրան զգուշացնում է. «Չփորձել Սահմանադրական դատարանի որոշումը միակողմանի նեղ,եւ միայն առանձին շահերից ելնելով մեկնաբանել»։ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանն իր հերթին կառավարությանը տեղեկացնում է՝ բարեփոխումները տապալել եք, պետք է հեռանաք. «Այս երկրի համար 23 տարվա մեջ ամենակարեւոր ռեֆորմը, որը պետք է լիներ ընդունելի հասարակության կողմից, ցանկացած քաղաքացու կողմից, բերվեց նրան, որ ոնց որ նախագահն էր ասում՝ 80 տոկոսը դեմ է»։ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը ողջունում է Սահմանադրական դատարանի որոշումը, իրենք էլ էին ասում՝ պարտադիր կուտակայինի իրավական հիմքերը թույլ են։ Սակայն վերջը լավ լինի. «Վերջին հաշվով շահում է ժողովուրդը, այն երիտասարդները, որոնցից պետք է պահեին այդ պարտադիր կուտակայինի համար գումարները»։ Ի դեպ,տիկին Բիշարյանից հետաքրքրվեցինք՝ ամբողջ կառավարությունում մի Սահմանադրագետ չկա՞ր, որ կենսաթոշակային օրենքը Ազգային Ժողով բերելուց առաջ համապատասխանեցներ Սահմանադրությանը։ «Չեմ կարող ասել, որ կառավարությունում խելացի մարդիկ չկան,չէ,էդպես չի կարելի մտածել,կարելի է ասել,որ փորձի պակաս կա»,- ասում է Հեղինե Բիշարյանը։ Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սահմանադրագետ է, որը Սահմանադրական դատարանի որոշման առիթով հայտարարել է՝ յուրաքանչյուրն այդ որոշման մեջ տեսնում է այն,ինչ ցանկանում է տեսնել։