Ա. Աշոտյանը չի բացառում փոփոխություններ Մաքսայինին միանալու հետ
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չի բացառում, որ Մաքսային միությանը անդամակցելով` ՀՀ կրթական ոլորտում փոփոխություններ կլինեն, բայց Ռուսաստանի օրինակով հանրակրթության 12 տարին 11 դարձնելու նպատակահարմարություն չկա՝ վստահեցնում է նա. «Հայաստանն անցավ 12-ամյա կրթությանը 2005թ.-ին։ Շատ երկար ճանապարհ ենք անցել և շատ մոտ ենք այդ համակարգի կայացմանը, ուստի նպատակահարմար չենք համարի հանրակրթության ժամանակահատվածի երկարության փոփոխությունը»։ Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ ինչպես 11-ամյա կրթությունը, որն այսօր կա ՌԴ-ում, այնպես էլ 12-ամյա կրթությունը Հայաստանում, երկու երկրներում փոխճանաչված են, և հետագայում կրթությունը շարունակելու հետ կապված որևէ խնդիր ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Հայաստանի դպրոցների շրջանավարտները երկու երկրներում չունեն. «Ուստի 11-ամյա կրթության նպատակահարմարություն այստեղ ևս բացարձակապես չկա»: Իսկ թե ոլորտում ինչ այլ փոփոխություններ են սպասվում ՄՄ-ին անդամակցելու համատեքստում, ԿԳ նախարարը նշեց, որ ՄՄ-ն, որպես ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է նաև մարդկային կապիտալի ազատ տեղաշարժ, և այդ ամենը հնարավոր չէ պատկերացնել առանց կրթության ոլորտում համապատասխան իրավական լուծումների: