Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն խոսում է վերջնագրերով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
c2072a7bed0227d8ee9afd0974d9e5a3

«Բարգավաճ Հայաստանը» բարիկադներ եւ ցնցումներ է խոստանում, եթե Տիգրան Սարգսյանի կառավարությունն ապրիլի 28-ին ամբողջ կազմով չհեռանա իշխանությունից։ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն ասում է. «Գալիս է պահ, երբ իրավիճակը որոշվում է արդեն հանգամանքներով, ոչ թե նախապես ծրագրված պլաններով, մենք չենք ուզում երկրորդ տարբերակը»: ԲՀԿ-ն խոսում է վերջնագրերով` հաջորդ կառավարությունը չպետք է լինի հանրապետական, այն պետք է լինի Ազգային համաձայնության կառավարություն: Կլինե՞ն այնտեղ հանրապետականներ, ԲՀԿ-ն դեռ չի կարող ասել. «28-ից հետո նոր կասենք` ինչպիսին ենք տեսնում ոչ միայն վարչապետին, այլեւ մնացած պոստերում ինչպիսին ենք տեսնում, եւ անձերի մասին խոսակցությունը կլինի շատ ուշ»: ԲՀԿ-ն շատ բան դեռ չի քննարկել ընդդիմադիր մյուս ուժերի հետ, ճանապարհային քարտեզը գծագրվելու է ապրիլի 28-ից հետո, սակայն հավանաբար Սերժ Սարգսյանին զգուշացնում է` վատ է լինելու, եթե այս կառավարության հեռանալուն իշխանությունն ընդդիմանա։ «Ակնհայտ է դառնում այդ ժամանակ, որ իշխանափոխության փուլային տարբերակին փոխարինելու է գալիս ամբողջական փաթեթային ժամանակը»,- նշում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը։ «Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը պետք է իմանա, որ մեծամասնություն լինելը դեռ ոչինչ չի նշանակում, եւ իրենց քվեարկությամբ ոչինչ չի որոշվելու,- հավելում է ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը,-Կոճակային մեծամասնությամբ չի որոշվելու, որոշելու է հասարակությունը»: Ավելին, ԲՀԿ-ն հնարավոր է համարում, որ մինչեւ ապրիլի 28-ը Հանրապետական խմբակցությունը բազմաթիվ պատգամավորներ դուրս գան: Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Հանրապետականի օրերը հաշված են. «Հաշվել չգիտեն»: Պարոն Սահակյանն իր հերթին է ԲՀԿ-ին հասկացնում` դուք լավ կանեք ձեր պատգամավորների կողմը նայեք, թե ում են նրանք իրականում ենթարկվում. «Այնտեղ մոտավորապես մարդիկ կան, մի 10 հոգի, որոնք իմ ղեկավարած խմբակցության անդամ են, դա թող չմոռանան»: Գալուստ Սահակյանը խնայելու է այդ պատգամավորներին եւ նրանց չի ծառայեցնի Հանրապետականների նպատակներին: Համենայնդեպս, ապրիլի 28-ից հետո տեղի չի ունենա մի բան, որ նրանց կարիքն զգացվի: