Լեւոն Զուրաբյան. «Գեղամյանն իդեոլոգիա չունի» (տեսանյութ)
«Ուր էր թե գոնե ֆաշիստական պետություն ստեղծած լինեին (հանրապետականները-խմբ.)»,-այսօր Արտաշես Գեղամյանի ԱԺ-ում արված ռեպլիկին ի պատասխան հակադարձել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ամեն ինչ, սակայն, սկսվեց նրանից, որ կրթական ոլորտի խնդիրներին անդրադառնալիս Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ դպրոցների 80 տոկոսի տնօրենները ՀՀԿ-ական են: Այդ ցուցանիշով, ըստ նրա, Հայաստանը զիջում է միայն նացիստական Գերմանիային: «ԽՍՀՄ-ում դպրոցի տնօրենների մեջ կոմունիստներն ավելի քիչ էին, քան այժմ ՀՀԿ տնօրենները»: ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը նկատեց, որ Լեւոն Զուրաբյանը ցիտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որն ասել է, թե Հայաստանը ֆաշիստական պետություն է: Գեղամյանի միջամտության պատճառը, սակայն, «դասականից» ավելի վաղ արված մեջբերումն էր` Արմեն Աշոտյանը տարիներ առաջ այն օրերի ընդդիմադիր Արտաշես Գեղամյանին քննադատելով թեման փակել էր հետեւյալ խոսքով. «Ես կորցրեցի իմ քաղաքական կուսությունը»: Լեւոն Զուրաբյանը Գեղամյանի հակադարձումից հետո «Ա1+»-ին պարզաբանեց, որ ինքը չի ասել, թե Հայաստանը ֆաշիստական պետություն է, այլ ասել է, որ տոտալիտար է: Ըստ պարոն Զուրաբյանի, տոտալիտար համակարգերն ունենում են գաղափարախոսություններ` կոմունիզմը հատուկ էր խորհրդային պետությանը, նացիզմը` հիտլերյան Գերմանիային: «Հանրապետական Հայաստանում գաղափարախոսություն էլ չկա, եթե մի գաղափարախոսություն էլ կա, դա ավազակապետական գաղափարախոսությունն է, երկիրը միասնաբար թալանելու գաղափարախոսությունը, ուրիշ իդեոլոգիա չունի, ոչ ՀՀԿ-ն, ոչ էլ այն մարդը (Արտաշես Գեղամյանը-խմբ), ով ինձ հակադարձեց»,-թեման փակեց Լեւոն Զուրաբյանը: