Հրատապ խորհրդակցություն սպասվող ցրտահարության թեմայով
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հրատապ խորհրդակցություն հանրապետությունում սպասվող կլիմայական կտրուկ փոփոխությունների վերաբերյալ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում «Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով մարտի 31-ից սպասվում է ջերմաստիճանի անկում՝ գիշերը կդիտվի օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին՝ 5 աստիճան ցուրտ։ Մեծ է ցրտահարման վտանգը հանրապետության ցածրադիր գոտում ժամանակից շուտ ծաղկած ծիրանենիների և խաղողի չթաղված վազերի համար։ Բերքի հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով նախարարը հանձնարարել է փոխնախարարներին, նախարարության համապատասխան ծառայությունների մասնագետներին ապահովել՝ Սպասվող վտանգի մասին SMS հաղորդագրությունների ուղարկումը երեք կապուղիներով։ Համապատասխան տեղեկատվության և խորհրդատվության օպերատիվ մատուցումը վտանգի ենթակա տարածաշրջանների բնակիչներին զանգվածային լրատվության բոլոր միջոցներով։ Հեռուստատեսային համապատասխան տեղեկատվության տարածումը փոխնախարարների մակարդակով։ Կազմել մարտի 30-ից փոխնախարարների և նախարարության մյուս պատասխանատուների գլխավորությամբ խորհրդատվական խմբերի մարզային և համայնքային այցելությունների գրաֆիկ և խստորեն ապահովել վերջինիս կատարումը։ Այցելություններին ընդգրկել նաև ԳԱՄԿ-երի և մարզպետարանների պատասխանատուներին։ Այցելությունների մասին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնել նախարարին։ ԳԱՄԿ-երի տնօրեններին հանձնարարվել է մարտի 28-ից եղանակային սպասվող փոփոխությունների և համապատասխան խորհրդատվության համար օգտագործել մարզային հեռուստատեսությունների և ռադիոյի հնարավորությունները։ Մարտի 28-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի և Արմավիրի մարզպետարաններում կհանդիպի այդ մարզերի բոլոր համայնքապետերին, տեղում կծանոթանա սպասվող վտանգը դիմագրավելու հնարավորություններին, կտա համապատասխան հանձնարարականներ ու խորհուրդներ։ Նույն օրը նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը Վայոց Ձորի և Սամվել Գալստյանը՝ Արագածոտնի մարզպետարաններում կհանդիպեն տվյալ մարզերի համայնքապետերի հետ։ Գյուղատնտեսության նախարարություն