«Դերասաններն արժանի գնահատական չեն ստանում». Խոսրոև (տեսանյութ)
«Այսօրվա հանդիսատեսը որակապես տարբերվում է 3 տարի առաջվա հանդիսատեսից. այսօր հանդիսատեսը թե՛ պահանջկոտ է, թե՛ ավելի ճաշակով: Կարող եմ ասել՝ թատրոնները հանդիսատեսի պակաս չեն զգում»,- ասաց Սունդուկյանի թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, դոցենտ Ռազմիկ Խոսրոևը: Այն հարցին, թե արդյոք այսօր արժանի գնահատական ստանո՞ւմ են դերասանները, Ռազմիկ Խոսրոևը պատասխանեց. «Ոչ, չեն ստանում: Նախագահի այս տարվա մրցանակներից էլ որևէ մեկը չտրվեց թատրոնի ներկայացուցիչներին: Բայց մենք Լոնդոնում խաղացինք Շեքսպիրի «Ջոն արքան», որն ապշեցրել էր բոլորին: Իսկ այստեղ անգամ որոշ ԶԼՄ-ներ փորձում էին կասկածի տակ դնել մեր հաջողությունները, բայց բախտներս բերեց՝ ապացույցները շատ էին»: Ի տարբերություն Ռազմիկ Խոսրոևի, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանին մրցանակները չեն հուզում. «Մեր ամենալավ գնահատականը հանդիսատեսի ծափահարություններն են, մեր արժեքն այն է, որ մենք մեր մշակույթը հանում ենք Հայաստանից դուրս և բաձր գնահատանքի արժանանում, թե այստեղ ով ինչ կտա, դա ինձ չի հուզում»: Հիշեցնենք, որ 1961 թվականին մարտի 27-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ նշվում է որպես թատրոնի միջազգային օր: Ի դեպ, մշակույթի այլ ժանրերը միջազգային օր չունեն: