Վ. Ավետիսյանի պաշտպանի միջնորդությունը մերժվեց, խնդրանքն ընդունվեց (տեսանյութ)
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին՝ նշելով, որ Վոլոդյա Ավետիսյանին մեղսագրվող արարքները չեն կատարվել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, ուստի դատավորն ընդհանրապես այս գործն իր վարույթ չպետք է վերցներ։ Դատավոր Լեւոն Ավետիսյանը մերժեց պաշտպանի միջնորդությունները, որոնք վերաբերում էին դատավորի ինքնաբացարկ հայտարարելուն եւ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը չեղյալ հայտարարելուն։ Պաշտպանը դիմեց նաեւ դատական նիստի օրը հետաձգելու խնդրանքով՝ նիստի ձայնագրությունը ուսումնասիրելու համար: Ձայնագրության կրիչի տրամադրման եւ դատական նիստի օրը հետաձգելու վերաբերյալ բոլոր կողմերի համաձայնությունը ստանալուց հետո դատարանը որոշեց բավարարել պաշտպանի դիմումը: Դատական նիստը նշանակվեց ապրիլի 2-ին: