Այս տարի գյուղացուն վարկ չի տրամադրվել
Կառավարությունը չի ուշացնում գյուղատնտեսական վարկերի տրամադրումը: Քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` պատգամավորի հետ հարցուպատասխանի ժամանակ: Նախարարն ասաց, որ այս տարի դեռ վարկեր չեն տրամադրվել, քանի որ փետրվար-մարտին գյուղատնտեսական աշխատանքները դեռ ամբողջ ծավալով չեն սկսվում: Հանրապետության շատ վայրերում գարնանացանը կսկսվի ապրիլի կեսերից: «Էնպես որ, ժամկետները ուշացված չեն: Կառավարությունը տեղեկացված է: Գումարները բավականացնում են, և ժամանակին այդ ծրագիրը կիրականացվի»,- ասաց Սերգո Կարապետյանը: Նա նշեց, որ պետությունը արդեն 3 տարի սուբսիդավորող վարկեր է տրամադրում գյուղացիներին, քանի որ բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները բարձր են: Մինչ այժմ 65 հազար գյուղացիական տնտեսություն է օգտվել 53,5 մլրդ դրամի վարկից: Այս վարկերն ամեն տարի տրամադրվում են ապրիլի սկզբից` 7,5 մլրդ դրամ գարնան և նույնքան գումար` աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար: Սերգո Կարապետյանը մանրամասնեց, որ բանկը 14 տոկոս տոկոսադրույքով տրամադրում է վարկերը, իսկ պետությունը սուբսիդավորում է 4 տոկոսը, այսինքն` գյուղացին վարկը ստանում է 10 տոկոս տոկոսադրույքով: Իսկ սոցիալապես անապահով, սահմանամերձ և լեռնային 215 համայնքի դեպքում վարկերը սուբսիդավորվում են 6 տոկոսով, այսինքն` գյուղացին դրանք ստանում է 8 տոկոս տոկոսադրույքով: