Զինծառայությունից տարկետումն ուզում են վերացնել
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը վաղը շրջանառության մեջ կդնի զինծառայությունից զանգվածային տարկետումն ամբողջությամբ վերացնելու հարցը: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում ասաց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա հիմնավորմամբ` զինծառայությունից տարկետման հնարավորությունը պարունակում է կոռուպցիոն մեծ ռիսկեր, չի նպաստում գիտության և տվյալ երիտասարդի ապագային և հասարակության մեջ մթնոլորտի առողջացմանը: Հակոբյանը կրթության և գիտության նախարարին հարցրեց, թե արդյոք կառավարությունը կաջակցի՞ այս նախաձեռնությունը: Նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ իրենք ողջունում են նախաձեռնությունը, բայց դրա իրականացման համար պետք է միասնականություն: «Տարկետման իրավունքի գոյությունն այսօր խոչընդոտ է կրթական համակարգի համար, որովհետև կտրուկ սրվել են կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով` ասպիրանտուրա ընդունվողներից լավագույն դեպքում երկուսն է աղջիկ, իսկ 128-129 հոգին տղա է: Սեռային գրեթե նույն համամասնությունն է նաև մագիստրատուրայի անվճար տեղեր ընդունվողների դեպքում: Ընդ որում, Աշոտյանն ուշադրության հրավիրեց նրան, որ երբ անցյալ շաբաթ պետությունը գիտական աշխատանքներ կատարելու համար 28 դրամաշնորհ տրամադրեց լավագույն երիտասարդ գիտնականներին, շահողների ընդամենը 40 տոկոսն էր առկա ասպիրանտական համակարգից: Մյուս 60 տոկոսը կամ հայցորդներ էին, կամ հեռակա համակարգի ասպիրանտներ` մարդիկ, ովքեր չեն օգտվել տարկետման իրավունքից: Նախարարը նշեց, որ զինապարտությունը չի հակադրվում կրթության իրավունքին: Հակառակը` կառավարությունն իրականացնում է քայլեր, որ զորացրված երիտասարդները կարողանան ավելի մատչելի կերպով օգտվել կրթության իրավունքից, բուհեր ընդունվեն անվճար հիմունքներով: Աշոտյանն ասաց, որ երբ լինի քաղաքական համերաշխություն, իսկ կառավարությունը կներկայացնի զորացրված երիտասարդներին կրթության ավելի մեծ արտոնություններ տալու նոր փաթեթ, կլինի նախաձեռնությունն իրականացնելու ավելի նպաստավոր միջավայր: Ռուբեն Հակոբյանն արձագանքեց, որ ընդդիմությունը պատրաստ է համագործակցել ազգային, պետությանը վերաբերող հարցերի շուրջ, և այս հարցը գոնե նախադեպ կլինի: