Ինչպիսին է Քեսաբը. (լուսանկարներ)
Քեսաբի շրջանը ձգվում է Անտիոքից 60 կմ հարավ՝ դեպի Միջերկրական ծովի ափը։ Քեսաբն ու շրջակա տասներկու գյուղերը գտնվում են 1800 մ բարձրություն ունեցող Կասիոս լեռան արևմտյան, հարավ-արևելյան և հարավային սարալանջերի վրա։ Լեռը հունահռոմեական ժամանակաշրջանում կոչվել է Կասիոս, իսկ Խաչակիրների շրջանում՝ Պարլեր (Mont Perlier)։ Արաբներն այն կոչել են Ճեպել Ագրա (Ճաղատ լեռ)։ Լեռան հարավ-արևելյան լանջին՝ 1250 մ բարձրության վրա գտնվում է Պալլում կամ Պարլում կոչվող ուխտատեղին։ Կառույցը նման է հունահռոմեական տաճարի ավերակների և հունահռոմեական պատմիչների կողմից հիշատակվում է որպես Զևս աստծո սուրբ լեռ։ Տաճարի ավերակների վրա հավանաբար բարձրանում է Անտիոքի լատին դքսության օրոք կանգնեցված Պարլերի լեռան վանքը։ Քեսաբը հյուսիսից և արևելքից սահմանակից է Թուրքիայի, հարավից՝ Լըղըջէօր և դեպի Միջերկրական ծով ձգվող թուրքմենական գյուղերին, իսկ արևմուտքից ունի ելք դեպի Միջերկրական ծով։ Առափնյա ռելիեֆը խիստ լեռնային է և ծովի միակ մատչելի ափը Գարատուրանի ծովաբերանն է։ Մինչև 1939 թ. Քեսաբի շրջանն ընդգրկում էր նաև Կասիոս լեռը։ Ծովափը ձգվում էր մինչև Անթը Մաղարինեն կոչվող պարսպաձև լեռները։ Հյուսիսից շրջանի սահմաններն իջնում էին դեպի Ամանոսի լեռներին հարող Կասիոսի զառիթափ լանջերը։ Թուրքիային կցված այս ընդարձակ տարածությունները կազմել են շրջանի ավելի քան մեկ երրորդը։ Այդ տարածքներում են գտնվել գյուղացիների կալվածքների մեծ մասը (հիմնականում՝ արոտավայրեր, արտեր ու պարտեզներ)։ Այսպիսով, այսօր Քեսապի շրջանը բաղկացած է միայն Սիրիայի մաս կազմող հարավային և հարավ-արևմտյան մասերից, որտեղ էլ գտնվում են շրջանի հայաբնակ գյուղերը։ Կասիոս լեռը հարավ-արևելյան գոգավորության վրա տարածվում է Քեսաբ ավանը։ Քեսաբին հաջորդում են միմյանցից 1-4 կմ հեռավորության վրա գտնվող Սև Աղբյուր, Ներքի Գյուղ (Էսկյուրան), Խայըթ, Չինար, Չագալճըգ, Քյորքյունե և Էքիզ Օլուգ գյուղերը։ Քեսապի արևմտյան մասում են գտնվում Գարատուրան և Պաշուրթ գյուղերը։ Քեսաբի շրջանն իր սահմաններով նման է իշխող դիրք ունեցող լեռնային կղզու։ Հյուսիսից՝ միջին բարձրությունից, կարելի է տեսնել Որոնտեսի գետաբերանը, Մուսա լեռն ու Ամանոսի լեռնաշղթան, արևելքից՝ Հալեպի դաշտերը, իսկ հարավից՝ Լաթաքիան։ Պայծառ եղանակին երևում է նաև Կիպրոս կղզին։