«ՀՀ իշխանությունները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն» (տեսանյութ)
Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղի դեմ ռազմական գործողությունները մարտավարական են և նպատակ ունեն հարավային ճակատ բացել՝ երկու ամիս հետո Դամասկոսի վրա Հորդանանի կողմից հարձակվելու համար։ Այսօրվա ասուլիսում այսպիսի կանխատեսում արեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։ Նա նշեց, որ Թուրքիայի հետ Սիրիայի 900 քառ. կմ սահմանի անցակետերից միայն Քեսաբն էր, որ կառավարական ուժերի վերահսկողության տակ էր մնացել։ Թուրքիան ոչ միայն վերջին անցակետը խլեց, այլև հայաթափեց Քեսաբը, որտեղ հայերն ապրում էին 2000 տարի։ «Թուրքական հատուկ ծառայությունները կամ բանակը անմիջական մասնակցություն են ունեցել այս գրոհի կազմակերպման հարցում»,- ասաց Արմեն Պետրոսյանը։ Ասուլիսի մյուս բանախոսը՝ հայաստանաբնակ սիրիահայ Վազգեն Մեսրոպյանն, ասվածի ապացույց է համարում այն, որ Թուրքիայի տարածքից խփեցին այն ռազմական օդանավը, որը նպատակ ուներ Քեսաբում պայքարել ահաբեկիչների դեմ։ «Ի՞նչ է նշանակում սահմանը բացել և ահաբեկիչներին ասել՝ գնացեք, ինչ ուզում եք արեք,- վրդովված հարցրեց Վազգեն Մեսրոպյանը և հավելեց։- Այս որերորդ դեպքն է, որ հայերին տեղահանում են։ Ինչքա՞ն կարելի է»։ Նա նշեց, որ Թուրքիայի տարածքից Քեսաբ ներխուժած ահաբեկիչների մեջ շատ էին չեչենները, ինչպես նաև թուրքմեններ, որոնք ապրել էին Քեսաբում և լավ գիտեին ճանապարհները։ Սիրիական բանակը Քեսաբի հայ երիտասարդների հետ միասին հետ է քաշվել՝ որոշելու իր հետագա անելիքները։ Քեսաբի բոլոր հայերը տարհանվել են Լաթաքիա։ Վազգեն Մեսրոպյանն ու Արմեն Պետրոսյանն ամեն վայրկյան սպասում են, որ Լաթաքիան ևս կարժանանա Քեսաբի ճակատագրին։ Մեսրոպյանը նշում է, որ Լաթաքիան բնակեցված է ալևիներով, իսկ նախագահ Ասադն ալևի է։ Արաբագետը սխալ է համարում սպասել, որ, ասենք, երկու ամիս հետո բնակիչները կվերադառնան։ Իսկ սիրիական օդուժը, երբ արկերով ոչնչացնի ահաբեկիչներին, դրանով կոչնչացնի նաև բնակավայրեր ու հուշարձաններ՝ ապացույցներ, որ Քեսաբում հայեր են ապրել։ Ասուլիսի բանախոսները համոզված են, որ Հայաստանի նախագահը, կառավարությունը, այդ թվում նաև՝ ԱԳՆ-ն, չպետք է սահմանափակվեն միայն հայտարարություններով, այլ հստակ քայլեր ձեռնարկեն։ Բանախոսներն անհրաժեշտ են համարում քեսաբցիներին օգնել ամբողջ հայության և հայկական կազմակերպությունների միջոցներով։