ԲՀԿ-ն լքեց դահլիճը Գալուստ Սահակյանի ելույթի պահին (տեսանյութ)
ԱԺ-ում մեծ իրարանցում առաջացրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ելույթը՝ արագաչափերի, կարմիր գծանշանների, տեսանկարահանող սարքերի, ուղեվարձի մասին պատգամավորների 1/3-ի ներկայացրած նախագծի մասին: Պարոն Սահակյանի բառապաշարը չտարբերվեց իր՝ նախորդ ելույթներից. «Ուշադիր լսեցինք, կարող էինք նաեւ չլսել: Ամբողջ սցենարն այն էր, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը գար ամբիոնից խոսեր ու հեռանար: Ես չգիտեմ՝ խնդամ, թե լամ, սա զավեշտ էր, թե հումոր: Սա ծես է, որը հայկական էլ չէ: Ամեն երկուշաբթի մի շաղախված անմտություն բերեն ու ամեն անգամ էդ ծեսին մասնակցենք... Մեկ առ մեկ բոլոր հարցադրումներին պատասխանենք: Մարդու ուղեղը լվացքի մեքենա չէ՝ երբ ուզենա լվա, երբ ուզենա՝ մզի: Ի՞նչ կապ ունեին այս նախագծի հետ Ալեքսանդր Սարգսյանը, Գագիկ Բեգլարյանը. անչափներն ուզում են չափավորների հետ համեմատվեն, հլը քեզ նայի՝ ուր ես եկել, ում ես կպնում, ում օջախին ես կպնում»: Այնուհետեւ, պարոն Սահակյանը հայտարարեց, թե ինքը հազիվ է ամբողջ ՀՀԿ-ին համոզել, բերել նստացրել դահլիճում, որ լսեն այս նախագծի քննարկումը. «Ասում եմ՝ չգնաք, որ պատշաճ լինի: Դուք՝ ուժերդ, փորձում եք ամբոխ հավաքել: Այ 1988թ., որ հավաքվում էին, դա ժողովուրդ էր, ու դա ազգային նպատակադրում էր: Իսկ ամբոխը դա վայրագություն է, դա չկանխատեսվող գործողություններ են, դա վերացրեց մի մեծ Ուկրաինա: Անընդհատ մայդան-մայդան էիք ասում: Դուք կրկնում եք մեզ, բայց շատ կոշտ ու կոպիտ: Ինչ վերաբերում է Ֆինանսների նախարարին, ապա քննարկումը վեճ է, մեկին դուր կգա, մյուսին՝ ոչ: Եթե կարողանում եք ամբիոններից ելույթ ունենալ, դա դեռ չի նշանակում փառահեղություն. դուք ընդամենը կուսակցական շահեր եք ներկայացնում, այլ ոչ թե համախմբում եք ժողովրդին ու հետո էլ ժողովրդի գլխին չարիք բերում»: Նրա ելույթի ժամանակ ԲՀԿ բոլոր պատգամավորները միահամուռ լքեցին դահլիճը: Այդ ընթացքում Գալուստ Սահակյանն ընթերցում էր Հովհաննես Թումանյանի՝ ամբոխի մասին խոսքերը: «Գոնե սկզբում ասեիր, որ Թումանյանի խոսքերն էին, որ մարդիկ չգնային. գիտեին՝ դու ես դա ասում»,- ծիծաղելով ավելացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նախագծի հիմնական զեկուցող «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կոչ արեց այս նախագծի քվեարկությունը հետաձգել մինչեւ ապրիլի 28-ի քառօրյա, ինչպես նաեւ՝ ընդունել Հովիկ Աբրահամյանի առաջարկը՝ անցկացնել խորհրդարանական լսումներ: Առաջարկն ընդունվեց: