Ինչ հարց է լուծվում արտագաղթով (տեսանյութ)
«Հայաստանի իշխանությունները շահագրգռված են երկրաշարժից հետո Շիրակի մարզում անօթևան մնացած ընտանիքների արտագաղթով»,- նման եզրահանգման է եկել «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը։ «Ես կարծում եմ,որ իշխանությունները արտագաղթի միջոցով փորձում են ազատվել բնակարանային խնդիր ունեցող մարդկանցից, միայն թե այդ ընտանիքները մեկնելու հնարավորություն չունեն, քանի որ ապրում են ծայրահեղ ծանր վիճակում»,- նշեց նա։ Վահան Թումասյանը ցավով է նկատում, որ թեև երկրաշարժից անցել է 26 տարի, բայց միայն Գյումրի քաղաքում 4500 անօթևան ընտանիք կա. «Գյումրին շարունակում է մնալ ծանր վիճակում։ Երբ ստեղծվեց «Շիրակ» կենտրոնը, մեր նպատակը մարդկանց բնակարանով ապահովելն էր, բայց այսօր մարդիկ հացի խնդիր ունեն, թերսնված են և հիվանդությունները մեծ թիվ են կազմում»։ Պարոն Թումասյանը նման վիճակի միակ մեղավոր համարում է ներկա իշխանությանը.«Իշխանությունները բացարձակապես ոչինչ չեն անում՝ ոչ գործարան է կառուցվում, ոչ բնակարանային խնդիր լուծվում և ոչ էլ քայլեր են անում, որպեսզի մեղմեն անօթևանների վիճակը։ Միակ լավ բանը, որ եղել է Գյումրիում, նոր քաղաքապետն է, ով իրոք ցանկանում է մի բան փոխել»,- եզրափակեց նա։