«Սփյուռքը մինչ օրս եղել է կթան կով» (տեսանյութ)
Ո՞րն է հայկական սփյուռքի դերակատարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում։ «Դժբախտաբար Սփյուռքի դերակատարությունը մինչ օրս եղել է կթան կովի դերակատարություն»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը։ Նոր որակի հայկական պետության ձեւավորման համար Նախախորհրդարանը կարեւորում է սփյուռքի դերակատարությունը։ Ըստ Նախախորհրդարանի հրավիրած քննարկման մասնակիցների՝ առաջին քայլը մտածելակերպի փոփոխությունն է, որպեսզի սփյուռքահայը Հայաստանում իրեն տեր զգա։ «Առաջին հերթին երկքաղաքացիությունը պետք է շատ հեշտ տրվի։ Իրենք պետք է այստեղ գան եւ կարողանան գործել, աշխատել եւ ապրել, ոչ թե գան՝ էսպես ասած իրենց քցեն»,-ասաց պարոն Եղնուկյանը։ Սփյուռքահայերի Հայաստանում ներդրում անելու, ապրելու եւ ստեղծագործելու համար անհրաժեշտ են մի քանի փոփոխություններ. «Գործող համակարգը պետք է միանշանակ փոխվի, որովհետեւ գործող համակարգի համար սփյուռքահայը մրցակից է։ Իրենք չեն ուզում, որ մի սփյուռքահայ գա եւ այստեղ գործ դնի»։ «Դեռ խորհրդային ժամանակաշրջանում ասում են, մի սփյուռքահայ գալիս է Հայաստան, ասում է՝ այ ժողովուրդ, հոն կար շահագրգռվածություն, եկանք հոս, շահը մնաց հոն, այստեղ միայն գրգռվածություն է»,-ասաց Նախախորհրդարանի անդամ Սուրեն Գեւորգյանը։ Նախախորհրդարանի անդամ Սուրեն Գեւորգյանը կարեւորեց, որ նոր որակի ստեղծվող պետությունում լինի այդ շահը. «Պետք է սփյուռքահայը կապված լինի Հայաստանի հետ տնտեսական կապերով, դա ամենակարեւոր հանգամանքներից մեկն է, որ կբերի սփյուռքի հային Հայաստան»։