Ինչպես հրացանով կրակես ծղրիդի վրա
Կեղծ օգտատերերի՝ ֆեյքերի դեմ օրինագիծը նման է ավելի շատ քարոզչական ակցիայի։ Կարծում է խմբագիր Վարուժան Բաբաջանյանը. «Եւ զրպարտության, եւ վիրավորանքի, եւ ընդհանրապես մամուլով նմանատիպ երեւույթների խնդիրը վաղուց մեր օրենսդրությունը լուծում է»։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի հեղինակները շտապել են, պնդում է պարոն Բաբաջանյանը։ «Նախ՝ չորսի ֆորմատի շրջանակներում, հիմա եւ ընդհանրապես մեդիա դաշտում քաղաքական լուրջ բեւեռներ են ձեւավորվում, եւ այս օրինագծը կարծես թե գրաքննության թեթեւ փորձ է»։ ԱՄՆ-ն, Եվրոպական երկրները այս հարցում փորձում են չշտապել եւ չկարգավորել համացանցն ու առցանց լրատվամիջոցները։ «Խոսքը վերաբերվում է ինտերնետին, մի տիրույթ, որը շատ արագ փոփոխվում է, ինչպես կասեն տեխնոլոգները՝ 18 ամիսը մեկ»,-ասաց իրավաբան Արա Ղազարյան։ Ըստ իրավաբանի՝ լուրջ լրատվամիջոցները չեն օգտվում կեղծ օգտատերերի գրառումներից։ Իսկ օրինագիծը նա կարճ այսպես է բնութագրում. «Հրացանով փորձում եք կրակել ծղրիդի վրա, նույնն է. այսօր դա կանեք, վաղը՝ կհնանա»։