«Մանդատակիր ընդդիմության մոտ չկա քաղաքական գործընթաց» (տեսանյութ)
«Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում ներքաղաքական, քաղաքական կյանք չկա: Կա կատարողական կյանք»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը: Նրա գնահատմամբ` ինչ-որ հանձնարարում են Հայաստանին, այդ էլ կատարվում է. «Կրեմլում սցենարը գրվում է, մեր մոտ ընտրում են համապատասխան դերակատարներ և կատարում են իրենց դերը»: Պարոն Արշակյանն անդրադարձավ նաև չորս ոչ իշխանական ուժերի համագործակցությանը: Նա նշեց, որ դա չի համարում քաղաքական. «Ես կարծում եմ, որ դա ներկայացում է: Քաղաքական գործընթացը, մանդատակիր ընդդիմության մոտ չկա, կա միայն կատարողական»: Իսկ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նշեց, որ «եթե նրանք բանակցում են հիմք ունենալով երկրի առջև ծառացած խնդիրները և եթե պիտի բանակցեն ու գործունեություն ծավալեն կոնստրուկտիվ դաշտում, դա միայն կարելի է ողջունել»: Ազատ Արշակյանը նշեց, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշում ընդունելով՝ իշխանությունը ժողովրդին մոլորեցրել է. «Հայտարարելով, որ մենք գնում ենք դեպի Եվրամիություն և առանց մեզ` ընտրողներիս ասելու, որ մենք այլևս չենք գնում այն ուղղությամբ, որը դուք մեզ հանձնարարել եք, մարդկանց ստիպում են մտածել, որ սա մեր ընտրած իշխանությունը չէ»: Մկրտիչ Մինասյանն էլ հակադարձեց, որ Հայաստանը միշտ էլ կմնա եվրոպական չափանիշներին հավատարիմ և շարունակելու է այդ ուղղությամբ և օրենսդրական և բոլոր ուղղություններով աշխատանք տանել: «Ուրիշ խնդիր է, երբ հարցը դրված է զուտ Մաքսային միության խնդիրները լուծելուն: Մենք այլընտրանք չունենք: Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանի տնտեսության զարգացման համար առավել մեծ հնարավորություններ կստեղծվեն»: Հայաստանի արտադրությունը, ըստ պարոն Մինասյանի, դեռևս մրցունակ չէ Եվրոպայի շուկաներում: «Իսկ Մաքսային միության երկրների շուկաներում մեր արտադրությունը, տնտեսությունը, բիզնեսը կարող է լայն զարգացում ստանալ»: