ԱՄՆ-ը կարող է մեկուսացնել ՌԴ-ին դոլարային համակարգից
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ուկրաինայի նոր վարչապետ Արսենիյ Յացենյուկի միջև կայանալիք հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ Սպիտակ տան խորհրդականները քննարկում են, թե որքան հեռու պետք է գնա Միացյալ Նահանգներն իր զինանոցում առկա տնտեսական զենքի օգտագործման հարցում: Այս մասին գրում են ամերիկյան «Նյու Յորք Թայմս» և «Ուոլ Սթրիթ Ջորնալ» պարբերականները: Այսպես, «Նյու Յորք Թայմս»-ը, վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի իրենց անունները բացահայտելուց հրաժարված աղբյուրները, գրում է, որ Միացյալ Նահանգները, կիրառելով պատժամիջոցները, կարող է լուրջ վնաս հասցնել Ռուսաստանի տնտեսությանը: Որոշ պաշտոնյաներ, ընդ որում, կարծում են, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհրաժարվի Ղրիմի նկատմամբ վերահսկողությունից և թերակղզին Ռուսաստանին միանալու ծրագրից, ապա այս հզոր միջոցը պետք է կիրառել հնարավորինս արագ: «Նյու Յորք Թայմս»-ի աղբյուրների կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Ռուսաստանի նկատմամբ կոշտ միջոցների ընդունումն առավել եռանդուն են սատարում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին քաջատեղյակ պաշտոնյաներն, այդ թվում՝ ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը և Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը: Ռուսաստանի տնտեսությանը վնաս հասցնելու հեռանկարներին ավելի զգուշորեն են մոտենում ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեք Լյուն, ԱՄՆ տնտեսական ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանն ու ԱՄՆ նախագահի համաշխարհային տնտեսական հարցերով խորհրդական Քերոլայն Ատկինսոնը: «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ն իր հերթին, վկայակոչելով ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է, որ Պուտինի կառավարության նկատմամբ ԱՄՆ-ի ֆինանսական պատժամիջոցների առաջին փուլը կմեկնարկի արդեն մի քանի օրից, և այն ուղղված կլինի Կրեմլի կողմից Ղրիմը Ռուսաստանին միացնելուն ուղղված գործողությունները վերահսկող կամ նման գործողությունների հետ առնչություն ունեցող Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաների նկատմամբ: «Ֆինանսների նախարարությունն արդեն իսկ ունի Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետ առնչություն ունեցող Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող առանձին անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու լիազորություններ: Մենք ակտիվ որոնում ենք այս չափանիշներին համապատասխանող անձանց, և նրանք կներառվեն սև ցուցակի մեջ», - պարբերականին հաղորդել է պատժամիջոցների շուրջ քննարկումներից քաջատեղյակ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ի համաձայն, «Մագնիտսկու օրենքը» հնարավոր է լայնորեն մեկնաբանել և կիրառվել Պուտինի վարչակազմի և Ռուսաստանի անվտանգության ծառայության բազմաթիվ պաշտոնյաների նկատմամբ, որոնց մեղադրում են մարդու իրավունքների խախտման մեջ: Միացյալ Նահանգների գործարար շրջանները, սակայն, «Նյու Յորք Թայմս»-ի փոխանցմամբ, նախազգուշացնում են Վաշինգտոնը չափազանց միջոցներ ընդունելու հետևանքների մասին: ԱՄՆ-ի առևտրի պալատի, Արտադրողների ազգային ասոցիացիայի և Ռուս-ամերիկյան տնտեսական խորհրդի ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնում ԱՄՆ-ի Սպիտակ տանը և Կոնգրեսում՝ ներկայացնելով իրենց տեսակետը: «Նյու Յորք Թայմս»-ի համաձայն, նրանք հորդորում են քաղաքական գործիչներին գործել այնպես, որ պատժամիջոցներն իրական ազդեցություն ունենան Ռուսաստանի վարքի վրա, որպեսզի դրանցից ստացված վնասները չգերազանցեն օգուտը, և որպեսզի պատժամիջոցները համապարփակ լինեն: ԱՄՆ ներկայացուցիչներին, ըստ «Նյու Յորք Թայմս»-ի, շատ է անհանգստացնում այն հարցը, որ Պուտինը կարող է կանգ չառնել Ղրիմում, քանի որ Ռուսաստանի հետ ցամաքային սահման չունեցող Ղրիմի թերակղզին կախվածության մեջ է Ուկրաինայից ստացվող ջրամատակարարումից, էլեկտրաէներգիայից և այլ ռեսուրսներից: Այդ պատճառով հնարավոր է, որ Ղրիմին աջակցություն ցուցաբերելու նպատակով Մոսկվային անհրաժեշտ կլինի գրավել Ուկրաինայի լրացուցիչ տարածքներ: Ամերիկայի ձայն