Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից Վ. Այվազյանի առողջությունը չի վնասվել (տեսանյութ)

Քաղաքականություն
42ba86a1d4dfb65a16b6ebcacabe00d4

Ընդդիմությանն ուղղված հռչակավոր «ղալաթ են անում» արտահայտությունից հետո արդարադատության նախարարը չի ուզում խոսել լրագրողների հետ։ Մանվել Գրիգորյանը նույնպես տրամադրություն չունի ՀԱԿ-ԲՀԿ երեկվա հանդիպումը մեկնաբանելու համար. «Տղա ջան, էն յան, շատ ես ոնց որ հարցեր տալիս»: Հիշեցնենք, որ երեկ Կոնյակի գործարանի տարածքում տեղի է ունեցել ԲՀԿ առաջնորդի եւ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպումը, որի ժամանակ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ թող չորս ոչ իշխանական ուժերը ներկայացնեն իրենց ասելիքը, քննարկենք ու բարձրաձայնենք. «Եթե ինչ-որ խնդիր կլինի, որ ընդհանուր համաձայնության չգան, չի նշանակում, որ դրանով ավարտվում ա»: Սամվել Ալեքսանյանն առաջինն էր, ով փորձեց մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի երեկվա այն միտքը, որ ոչ ոք չի կարող երկիրը միայնակ դուրս բերել ճգնաժամից, ինքը դրա համար կմիանա՞ ԲՀԿ առաջնորդին. «Չէ, չէ, չէ, ես ոչ մի հարցի չեմ պատասխանում»: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը միշտ էլ բոլորին առաջարկում է միավորվել եւ դուրս գալ ճգնաժամից: Բայց լսողն ո՞վ է. «Որոշում են կառավարությանն անվստահություն հայտնել, հետո հանրապետության նախագահին, հետո ԱԺ ցրել: Դա ընդդիմության աշխատելաոճն է»: Փաստն այն է, որ ԲՀԿ-ՀԱԿ երեկվա հանդիպումը եւ ձեռք բերած պայմանավորվածությունները Վարդան Այվազյանի առողջությունը չեն վնասել, ինչպես երեկ հավատացնում էր Լեւոն Զուրաբյանը. «Էսօր Հայաստանում շատ մարդիկ միկրոինֆարկտներ կունենան»։ Ազգային Ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը ուշադիր է ընդդիմության բառապաշարի հանդեպ, միշտ նույնն է, երկիրը կործանվում է, իշխանությունը թալանում է եւ այլն, դրանից միկրոինֆարկտ չեն տանում. «Բոլոր հանրապետականներին տեսել եք, ոնց որ թե սրտից թույլ մարդիկ կամ վատ զգացող մարդիկ չկան»: Հանրապետական Մարտին Սարգսյանն առայժմ իր առողջությունից չի դժգոհում: Միկրոինֆարկտն ուրիշներին է բնորոշ. «Մենք ինչի՞ պետք ա միկրոինֆարկտ կամ ինֆարկտ տանենք: Թող գան, հանրապետականի հետ քննարկեն իրենց խնդիրները, ի վերջո Ազգային Ժողովում լինում են նման բաներ։ Մենք մեր քննարկումները ծավալում ենք, դրա արդյունքում տեսնում եք՝ լինում են նաեւ քվեարկություններ»: Մարտին Սարգսյանը նորմալ է վերաբերվում ոչ իշխանական ուժերի միավորմանը, նրանց պատգամավորն այսօր անվանեց զսպաշապիկ: