Խոսքի ազատությո՞ւն, թե՞ դրա չարաշահում
Մարտի 12-ը համացանցում խոսքի ազատության օրն է: Առաջին անգամ օրը նշվել է 2008 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ։ Համացանցում ազատ խոսքի իրավունք ունեն բոլորը, սակայն երբեմն խոսքի ազատության հնարավորությունը չարաշահում են ու անցնում են պարկեշտության սահմանները։ Արդյո՞ք սոցիալական ցանցը պետք է լինի ցանկացած միտք արտահայտելու հարթակ։ Փորձեցինք ճշտել ակտիվ հայ օգտատերերից։ Վիլենը, ով սոցիալական ցանցում հայտնի է «Նավակ ճոճող» անունով, վստահ է՝ սոցիալական ցանցը հասարակ քաղաքացու համար լավագույն միջոցն է իր ձայնը լսելի դարձնելու համար, իսկ երբեմն թույլատրելի սահմանները անցնելու մեջ նա մեղադրում է միայն իշխանությանը. «Ես այդ սահմանը հատում եմ միայն այն ժամանակ, երբ հարված է լինում իմ դեմ, իմ ժողովրդի դեմ։ Բա որ վատն են, չասե՞մ վատն են։ Ես հասարակ քաղաքացի եմ, էդպես կարամ բարձրաձայնեմ իմ խնդիրը»։ Իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը, ով նույնպես ակտիվ գրառումներ է կատարում սոցիալական ցանցերում, «Ա1+»-ին հայտնեց, որ շարքային քաղաքացիները գրեթե երբեք չեն չարաշահում խոսքի ազատության իրավունքը, ամեն ինչ իշխանության ձեռքի գործն է. «Նրանք ունեն մի նպատակ, որպեսզի դրա քողի տակ մարդկանց մոտ առաջացնեն ընդվզում, եւ դրանից հետո փորձեն սահմանափակել խոսքի ազատությունը։ Այսինքն` ինքն իր «մանկլավիկների» միջոցով փորձում է ստեղծել կոյուղի, որ մարդիկ մտածեն, թե խոսքի ազատությունը վատ բանա»,- վստահ է նա։ 2008 թվականի մարտի 12-ին Համացանցում խոսքի ազատության ամենաառաջին օրը «Լրագրողներ առանց սահմանների» ՀԿ-ն օգտատերերին հրավիրել է այցելել կազմակերպության կայք՝ բողոքելու գրաքննության դեմ, որը չարաշահում են առանձին երկրների կառավարություններ, և ավելի մեծ իրավունքներ պահանջելու համացանցի օգտատերերի համար: