Էդ. Նալբանդյանը կհանդիպի եռանախագահներին
Հանրային Ռադիո- Պարոն նախարար, որն է Հայաստանի դիրքորոշումը Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ,։ Մեր մամուլում հրապարակումներ եղան, որ Հայաստանի կողմից նույնիսկ գրառում չի կատարվել Ուկրաինայի դեսպանատը բացված սգո մատյանում։ Կպարզաբանե՞ք ինչու: Էդվարդ Նալբանդյան- Կարծում եմ, դրանք անտեղի և անիմաստ շահարկումներ են, որովհետև Արտաքին գործերի նախարարությունը իր խոսնակի միջոցով հայտնել է ցավակցություն Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին: Դա եղել է այդ սգո մատյանի բացումից մեկ-երկու օր առաջ: Սգո մատյանի բացման կապակցությամբ արտգործնախարարությունը նոտա է ստացել Երևանում Ուկրաինայի դեսպանությունից, որը մուտքագրվել է փետրվարի 24-ին` սգո մատյանը մատյանի բացման հաջորդ օրը։ Նույն օրը Ուկրաինայի դեսպանի հետ հեռախոսազրույց է ունեցել արտգործնախարարության ներկայացուցիչը, և դեսպանն ըմբռնումով է մոտեցել՝ այդ հայտագիրը իրոք ուշացումով է ստացվել: Ինչ վերավերում է մեր դիրքորոշմանը, մեր մոտեցումներին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, ապա Հայաստանի մոտեցումներն արտահայտվել են ամենաբարձր մակարդակով, Հանրապետության Նախագահն է խոսել դրա մասին: Մենք հուսով ենք, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի իրավական դաշտում խաղաղ ճանապարհով լուծումներ գտնվեն, որոնք կնպաստեն լարվածության նվազեցմանը և կուտակված հարցերի լուծմանը: «Ազատություն» ռադիոկայան – Պարո՛ն Նախարար, Հայաստանը Ռուսաստանի հետ միասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: Երկու հարց ունեի` ուկրաինական ճգնաժամի հետ կապված: Քննարկվե՞լ է արդյոք ՀԱՊԿ ձևաչափում այդ ճգնաժամը, և եթե քննարկվի, Հայաստանն ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու: Շնորհակալություն: Էդվարդ Նալբանդյան – Ընդհանրապես ես չեմ սիրում «եթե»-ներով խոսել՝ եթե այսպես, եթե այնպես։ Իհարկե, բնական է, որ ՀԱՊԿ շրջանակներում քննարկվում են բազմաթիվ հարցեր, որովհետև այդ շրջանակում արտաքին քաղաքականությանը կոորդինացնելու վերաբերյալ պայմանավորվածություն կա: Երբ որ այդպիսի քննարկումներ լինեն, այդ ժամանակ կտեսնենք` ինչպիսի զարգացումներ կլիացնեն, և համապատասխան ինչպիսի դիրքորոշումներ կարտահայտվեն։ Սերբ լրագրող. Պարոն նախարար, ինչ ուղղություններ եք տեսնում տնտեսական փոխգործակցության զարգացման համար: Էդվարդ Նալբանդյան. Մենք այսօր խոսել ենք մեր տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ և, ինչպես նշեցի, կշարունակենք այդ քննարկումները: Կարծում եմ, որ ուղղությունները բավական շատ են։ Օրինակ կարող է լինել տուրիզմը։ Տուրիզմի բնագավառում պատրաստում ենք համաձայնագիր կնքել: Դա կարող է լինել և արդյունաբերության, բանկային բնագավառներում։ Պետք է հատուկ նշեմ, որ վաղը կայանալու է բիզնես-ֆորում, և պարոն Մրկիչն եկել է գործարարների հետ։ Կարծում եմ այդ բիզնես-ֆորումի ընթացքում բավական մանրամասն կքննարկվեն հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական համագործակցության ոլորտին: Ես ողջունում եմ, որ նախարարն եկել է բիզնեսմենների հետ: Երկու առևտրաարդյունաբերական պալատների միջև համապատասխան պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նախագահների այցելությունների ժամանակ՝ 2009թ. Սերբիայի նախագահի Հայաստան և 2011թ. Հայաստանի նախագահի՝ Սերբիա։ Կարծում եմ վաղը լավ հնարավորություն կլինի շարունակել քննարկումները ՝ երկու առևտրաարդյունաբերական պալատների միջև: Մեդիամաքս. Պարոն նախարար, մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այսօր Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Ադրբեջանի արտգործնախարարի հետ, մեզ հետաքրքրում է՝ նախատեսված է արդյոք համանախագահների հանդիպում Ձեզ հետ: Էդվարդ Նալբանդյան. Այո, նախատեսված է։ Դա լինելու է վաղը՝ Մոսկվայում, ես կհանդիպեմ եռանախագահների հետ: Երևի, գիտեք, որ եռանախագահներին հանդիպել էի Փարիզում՝ տասն օր առաջ: Դա աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է ինտենսիվ ձևով, և երբ պայմանները ստեղծված լինեն, կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում եռանախագահների հետ: