«ԵԴ-ն կանխակալ որոշում է կայացրել»
Ինչպես տեղեկացրել էինք, Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարությամբ էր հանդես եկել ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Դոգու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացրած որոշման դեմ, և դիմում էր հղել Շվեյցարիայի Կառավարությանը՝ հորդորելով բողոքարկել Դատարանի որոշումը: (Հիշեցնենք ՝ Եվրադատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործչին)։ Ս.թ. մարտի 7-ին Կոնգրեսի պատվիրակությունը առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ նամակը պաշտոնապես հանձնեց Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Ն.Գ. պարոն Լուկաս Գասսերին: Հանդիպումն անցավ ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում, խոսվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին: Հայաստանյան կողմն իր շնորհակալությունը հայտնեց այս հարցում Շվեյցարիայի կառավարության արդար ու անկողմնակալ դիրքորոշման համար, ափսոսանք հայտնելով, ու եվրոպական Բարձր ատյանը հակառակ որդեգրած իր սկզբունքներին ու մոտեցումներին, կայացրել է կանխակալ որոշում: Նա նշեց, որ նույն հարցով՝ Պետիցիայի դիմումով, ինտերնետային ստորագրահավաք է նախաձեռնել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: Դեսպանն իր հերթին նշեց, որ Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարարությունը նույնպես գտնում է անհրաժեշտ բողոքարկելու որոշումը, և մոտ օրերս Կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի: Պարոն Գասսերը խոստացավ հնարավորիս շուտ նամակը փոխանցել Շվեյցարիայի կառավարություն: Խոսվեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնության մասին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Երևանում հրավիրել Ցեղասպանությունը ճանաչած պետությունների խորհրդարանների ներկայացուցիչների միջազգային ֆորում, ինչը դրական ընդունվեց դեսպանի կողմից: Համաշխարհային հայկական կոնգրեսի մամուլի ծառայություն Հ. Գ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դեկտեմբերի 17-ին բավարարել է Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ գործունեություն ծավալող Դողու Փերինչեքի հայցը` ընդդեմ Շվեյցարիայի: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում մասնավորապես ասված է, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ Փերինչեքը Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այս հայտարարության համար 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 3 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի։