ՀՅԴ թեկնածուն հաղթել է ՀՀԿ թեկնածուին (տեսանյութ)
Հայաստանի համայնքների բնակիչները նախընտրական շրջանում շատ աղոտ են պատկերացրել, թե ինչ է տեղական ինքնակառավարումը, և բացարձակ չեն մասնակցել դրան: Այս պատկերն է արձանագրել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը՝ մարտի 9-ի ՏԻՄ ընտրություններից առաջ այցելելով 12 համայնք: Այսօրվա ասուլիսում «Թրանսփարենսի ինթերնեշնլի» ներկայացուցիչ Լենա Նազարյանն ասաց, որ իրենց այցելած համայնքներում քաղաքացիների մի զգալի մասը տեղյակ չի եղել իր համայնքի բյուջեից, ընտրություններին առաջադրվելու կարգից և նմանատիպ այլ հարցերից: Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հավելեց, որ համայնքներում շատերի համար նորություն են եղել համայնքի զարգացման քառամյա ծրագրերի մասին տեղեկությունները: «Քաղաքացի դիտորդի» ներկայացուցիչները նախընտրական շրջանում համայնքներում չեն տեսել գաղափարների բախում, բանավեճեր՝ համայնքի զարգացման հեռանկարների մասին: Կարծես համայնքներում կյանքը կանգ էր առած, և բնակիչները որևէ կերպ պատրաստ չէին քննարկել այդ կյանքը, համայնքապետից հաշիվ պահանջել: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Տավուշի մարզի Հովք համայնքում ականատես է եղել լարված ու թեժ պայքարի: Հովքում ՀՅԴ թեկնածուն հաղթել է ՀՀԿ թեկնածուին, ով նաև գործող գյուղապետն է եղել: Սակայն, Սաքունցի խոսքով, Հովքում «տեղական նշանակության ֆեոդալը» փորձում էր կարգավորել քաղաքացիների հոսքը դեպի ընտրական տեղամաս: «Բնականաբար, մենք միջոցներ ձեռք առանք, և նա հեռացվեց ընտրական տեղամասից 50 մետր շառավղով հեռու»,- ասաց Արթուր Սաքունցը: «Իրավունքի Եվրոպա միավորման» ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նշեց, որ մարտի 9-ի ընտրություններում արձանագրվել են ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, վարչական ռեսուրսը չարաշահելու դեպքեր, օգտագործվել են «ավանդական մեթոդներ», ինչպիսիք են ընտրողին տարբեր խոստումներով ընտրության հրավիրելը, քվեարկելիս «օգնելը»: «Մի քանի տեղամասում ունեցել ենք մինչև 70-75 «օգնության» դեպքեր»,- ասաց Տիգրան Եգորյանը: Դեպքերի մեծ մասում «օգնողը» օգնելու փոխարել քվեարկել է ընտրողի փոխարեն: Տիգրան Եգորյանի գնահատմամբ՝ մարտի 9-ի ընտրություններում գրանցվեցին այն նույն խնդիրները, որոնք եղել են նախորդ բոլոր ընտրություններում: Ուստի այս ընտրությունները մեկ քայլ առաջ չէին: Միաժամանակ Եգորյանը մարտի 9-ի ընտրությունները կես կամ մեկ քայլ առաջ համարեց այն համատեքստում, որ այս անգամ որևէ մեկին չեն սպանել, մարմնական վնասվածք հասցրել կամ գույքը վնասել: