Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարությունը պարզաբանում է վագոնային դեպոյի բնակիչների հարցը

Կարևոր լուրեր Հասարակություն
vagon

Ի պատասխան մեր երեկվա հրապարակման՝  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Արցախի 32 հասցեում բնակվող 38 ընտանիքների վերաբնակեցման խնդրի առնչությամբ։ Արցախի 32 հասցեում բնակվող 38 ընտանիքների վերաբնակեցման խնդիրը հստակեցնելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պարզաբանում է, որ 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում ստորագրված կոնցեսիոն պայմանագրով Արցախի 32 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ Երևանի վագոնային դեպոյի նախկին վարչական շենքը, նույնպես հանձնվել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կառավարմանը: Վերոնշյալ շենքը բնակության համար չնախատեսված գոտում է: Այն գտնվում է արտադրական տարածքում՝ առանձին հսկողության ռեժիմային գոտում, և բնակիչների, մասնավորապես, տարեցների և երեխաների տեղաշարժն այդ տարածքում լի է վտանգներով և բացասական հետևանքներով: Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև ելնելով բնակիչների խնդրին ոչ թե ժամանակավոր,այլ հիմնովին լուծում տալու անհրաժեշտությունից՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, չլինելով ուղղակի պատասխանատու, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հետ բնակիչների խնդիրը մանրամասն քննարկվում է՝ հարցին մոտենալով զուտ մարդասիրական տեսանկյունից: Տեղեկացնում ենք նաև, որ նշված հասցեում հաշվառված 27 անձից բաղկացած 11 ընտանիքների և «ՀԿԵ»-ի ներկայացուցիչների հետ քննարկվում է նրանց Արցախի 42 հասցեում վերաբնակեցնելու հարցը: Որոշում կայացնելու հետ մեկտեղ՝ նշված հասցեում կիրականացվեն տարածքի վերանորոգման աշխատանքներ՝ բնակության համար ապահովելով բնականոն պայմաններ: Նշված 11 ընտանիքները, չունենալով սեփականության իրավունքով իրենց պատկանող որևէ անշարժ գույք, այսպիսով ձեռք կբերեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարաններ: Քննարկվում է նաև 48 անձից բաղկացած 15 ընտանիքների դրամական փոխhատուցում տրամադրելու հարցը՝ նրանց զբաղեցրած տարածքների մակերեսներին համապատասխան: Գումարի շրջանակներում նրանք կարող են ձեռք բերել սեփականության իրավունքով բնակելի տարածքներ կամ կացարաններ: 23 անձից բաղկացած ևս 7 ընտանիքների և 10 անձից բաղկացած 5 ընտանիքների կարգավիճակն առանձնահատուկ է, և շարունակվում են քննարկումները նաև այս հարցի լուծման ուղղությամբ: Թեև Տրանսպորտի և կապի նախարարությունը որևէ գույքային պարտավորություն չունի այդ հասցեում բնակություն հաստատած քաղաքացիների նկատմամբ, սակայն հաշվի առնելով բացառապես քաղաքացիների շահերը, լինելով խնդրով մտահոգ՝ նախարարության ներկայացուցիչները պարբերաբար հանդիպել են նրանց, որպեսզի անհատական մոտեցում ցուցաբերեն յուրաքանչյուր ընտանիքի խնդրին: Այս պահին որևէ որոշում կայացված չէ, ուստի նշված հասցեում բնակվող քաղաքացիները մտահոգվելու որևէ առիթ չունեն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն