Պատգամավորն առաջարկում է հանրային քննարկում Ֆեյսբուքի հարցով
ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքում հանդես է եկել գրառմամբ՝ Ֆեյսբուքի կեղծ օգտատերերի գործունեության առնչությամբ մշակվող նախագծի վերաբերյալ. Հարգելի ընկերներ, ինչպես արդեն գիտեք, շրջանառության մեջ է գտնվում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է անհայտ օգտատերերի գրառումներին և վիրավորական կամ զրպարտչական բնույթի մեկնաբանություններին: Որպես նախագծի համահեղինակ այս օրերի քննարկումների արդյունքում ուզում եմ մի քանի փաստ արձանագրել և հանդես գալ առաջարկությամբ: 1. Այն գաղափարները, որոնք իրացված են նախագծում, հիմնված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի և վճռաբեկ դատարանի որոշումների հիման վրա: Սակայն, բոլորը չէ և միշտ չէ, որ գիտեն, թե ինչ է սահմանված այդ որոշումներում և կարողն են կամ ցանկանում են նշված վեճերը լուծել դատական կարգով: Այս առումով նախագիծը փորձ է անում, ամփոփել դատական պրակտիկան և հստակ սահմանել խաղի կանոնները: 2. Ամենայն անկեղծությամբ և վստահությամբ բոլոր գործընկերների անունից կարող եմ ասել, որ որևէ միտում չկա սահմանափակել պրոֆեսիոնալ լրագրողների խոսքի ազատությունը, հակառակը նրանք իրենք են այս կարգավորմամբ շահագրգիռ, որովհետև պրոֆեսիոնալ լրագրությունը իր տեղը զիջում է անհայտ գրառումների դիտումներին: 3. Նախագիծը ընդամենը դրվել է շրջանառության մեջ և մինչ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկումը դեռ երկար ուղի ունի անցնելու: Հիմնվելով թե գործընկերներիս և թե նաև ՏՏ ոլորտի մասնագետների առաջարկների վրա, խնդրում եմ և առաջարկում եմ հատվածային քննարկումներով չշեղել նախագծի նպատակները և բոլոր նրանց ովքեր առաջարկներ ունեն նախագծի վերաբերյալ, ուղարկել այն ինձ կամ նախագծի համահեղինակներից որևէ մեկին։ Այդ առաջարկները կհավաքվեն և այդուհետ հանրային քննարկման ժամանակ կբարձրաձայնվեն ու կքննարկվեն: Առաջիկա օրերին կլինի նաև իրազեկում այդ քննարկման օրվա, վայրի և ժամի մասին: