«Ռուսները թանկ կվճարեն Ղրիմ մտնելու համար» (տեսանյութ)
Ռուսաստանը ճնշում է Հայաստանի իշխանություններին, որպեսզի նրանք ինչ-որ դիրքորոշում հայտնեն ուկրաինական իրադարձությունների առիթով: Մերոնք լռում են առայժմ։ Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը երաշխիք չունի, որ գոնե կկարողանան պահել այս լռությունը, թեպետ երաշխիք չունի: Ուկրաինայում, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, հայեր կան, եւ մեր իշխանություններն առայժմ ճիշտ են պահում իրենց՝ որեւէ դիրքորոշում չհայտնելով. «Ցանկացած Ուկրաինա, որը կձևավորվի այս ճգնաժամից հետո` պրոռուսական, պրոարեւմտյան, պրոեվրոպական, պրո ցանկացած ուղղության, այս Ուկրաինայի հետ Հայաստանը պետք է ունենա բարիդրացիական հարաբերություններ»: Քաղաքագետների տեսակետները բաժանվում են այն հարցում, թե ինչպես իրեն պիտի պահեր Ռուսաստանը հատկապես Ղրիմում, որի բնակչության մեծ մասն ընդհանուր ոչինչ չի ուզում ունենալ Մայդանի իշխանության հետ եւ որտեղ ակնհայտ են անջատողական տրամադրությունները: Դավիթ Շահնազարյանը նկատում է, որ ռուսական զինուժը զավթել է Ղրիմը. «Ռուսաստանը մարտահրավեր է նետել ոչ միայն միջազգային հանրությանը, այլեւ գոյություն ունեցող աշխարհակարգին»։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հարցնում է «Իսկ ի՞նչ` մտածում էիք, թե Պուտինը Ղրիմում կանանց ծաղկեփնջե՞ր է բաժանելու, իսկ տղամարդկանց` կոնֆետնե՞ր»: Պարոն Շահնազարյանը համոզված է` ռուսները թանկ կվճարեն Ղրիմ մտնելու համար, հետեւանքներն այդ երկրի համար կլինեն կործանարար: Եվ այս ամբողջը` Պուտինի պատճառով, որի կերպարը վերծանել է Անգելա Մերկելը։ «Որ Ռուսաստանի նախագահ Պուտինը չի հաղորդակցվում իրականության հետ եւ կտրված է իրականությունից՝ փորձեք ինքներդ դիվանագիտական լեզվից եթե դա թարգմանել, ապա ինչ է ստացվում... Եվ չմոռանալ, որ Ռուսաստանը միջուկային տերություն է»։ Ղրիմի անջատողական տրամադրություններին աջակցելը Դավիթ Շահնազարյանի համար հիմք չէ, որ ռուսները ճանաչեն նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Քաղաքագետ Իսկանդարյանը դրան հումորով է վերաբերվում` 50 այդպիսի չճանաչված պետություններ կան. «Ես չեմ կարծում, թե Ղրիմի հետ տեղի կունենա նույնը, որ նա կառանձնանա Ուկրաինայից եւ կդառնա չճանաչված պետություն, բայց այս ամենի հետ ղարաբաղը կապ չունի»։ Դավիթ Շահնազարյանը չբացառեց, որ պատերազմ ծավալվելու դեպքում ռուսները Հայաստանին կստիպեն ինչ-որ կերպ մասնակցություն ունենալ. «Բայց դա կբերի Հայաստանում շատ լուրջ ընդվզումների»։ Ալեքսանդր Իսկանդարյանը չի պատկերացնում նման բան. «Պատկերացնել, որ պատերազմ է ընթանում, եւ խեղճ Ռուսաստանը միայնակ չի կարողանում ուկրաինացիների վրա եւ զգում է հայերի, ղազախների եւ բելառուսների կարիքը, ես չեմ կարող»: