Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԴԵՄ ԵՄ-ը չի վերաճի քաղաքական շարժման» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
դեմ

Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը տարակարծությունների առիթ է հանդիսացել: Բացի քաղաքական գնահատականներից, նա անդրադարձավ նաեւ քաղաքացիական շարժումներին, մասնավորապես «ԴԵՄ ԵՄ» շարժմանը` այն գնահատելով որպես ավելի կազմակերպված եւ զանգվածային դառնալու միտում ունեցող: Իշխանությունները Տրանսպորտի վարձավճարների թանկացման եւ Պարտադիր կուտակայինի դեմ ծավալված քաղաքացիական նախաձեռնությունների հանդիման հայտնվել են շփոթության մեջ եւ առայժմ ընկրկել. Ազատության հրապարակում մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Միաժամանակ նա նաեւ նշեց` «Դեմ եմ» շարժման եւ խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունների սերտ համագործակցությունը ոչ թե իրարամերժ, այլ միմյանց փոխլրացնող երեւույթներ են. «Ուժեղ արհմիությունների եւ անկախ դատարանների բացակայության պայմաններում քաղաքացիական կամ սոցիալական շարժումները դատապարտված են կա՛մ քաղաքականանալու, կա՛մ մարելու»։ Լեւոն Տեր-Պետրոսյանը համոզմունք հայտնեց նաեւ, որ հասուն քաղաքացիական նախաձեռնություններից շուտով ծնվելու են լուրջ քաղաքական գործիչներ։ Պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի դուրս եկած «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները, որոնց անդրադարձան հանրահավաքի գրեթե բոլոր ելույթ ունեցողները, քաղաքական ուժերի հետ առողջ համագործակցությանը կողմ են, սակայն, ինչպես նշում է «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը՝ «մի բան է համագործակցել, մի բան է` քաղաքացիականի վերաճումը քաղաքականի, ինչը ես այս պարագայում բացառում եմ «ԴԵՄ ԵՄ» շարժման համար, այլապես երբ քաղաքացիականը վերաճի քաղաքականի, այն կդադարի գոյություն ունենալու որպես քաղաքացիական եւ այն իսկապես քաղաքացիականի մարում կլինի»: «Քաղաքական շարժում նշանակում է միտում ունենալ գալ իշխանության,- ասում է «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Գեւորգ Գեորգիսյանը,- մենք նման խնդիր չենք դրել մեր առաջ, մենք հասարակ քաղաքացիներ ենք, որոնք ապրում են պետությունում, որտեղ վստահ են, որ պետությունը պետք է ծառայի քաղաքացու շահերին եւ ոչ թե քաղաքացին պետք է ծառայի օրենքներին»: Նախաձեռնության անդամները վստահեցնում են` գոնե այս պահին իրենցից որեւէ մեկն իրեն ապագայում չի տեսնում որպես քաղաքական գործիչ. «Նման հավակնություններ ես չունեմ, չեմ ուզում կորցնել իմ խաղաղ ու հանգիստ քունը, ես ինձ շատ լավ եմ զգում քաղաքացիական շարժման մեջ` որպես ՀՀ գիտակից քաղաքացի»՝ ասում է «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը։ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները մեկ բան հաստատ գիտեն` իրենց շարժումը չի մարելու` անգամ իրենց հաղթանակից հետո, այն է` Պարտադիր կենսաթոշակային համակարգը ճանաչել հակասահմանադրական ու կասեցնել կիրառումը. «Ես չեմ բացառում, որ «ԴԵՄ ԵՄ» շարժման այսօրվա շատ անդամներ գուցե այլ ձեւաչափով, այլ նախաձեռնության կազմում պայքարեն մեկ այլ արատի դեմ այս երկրում»,- եզրափակում է Դավիթ Մանուկյանը։