«Տիգրան Սարգսյանի տրամաբանությունը չի փրկի իրեն»
Արդեն փաստ է` ովքեր են Մարտի 1-ի հանցագործները: Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց Վերակազմյալ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` չնշելով, սակայն, անուններ: «Մենք նրանց տեղը շատ լավ գիտենք»,- հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը: Նա նշեց, որ իշխանությանը բազմիցս արել են ուշիմության կոչեր և հասկացրել, որ միևնույնն է` մարտի 1-ի հանցագործներին պետք է գտնել, բայց ակնհայտ է, որ դիմադրությունը մեծ է: Իսկ դիմադրության պատճառն այն է, որ ոչ մի հանցագործ չի օժանդակում իր հանցագործության բացահայտմանը: «Քանի դեռ չեն պատժվել մարտիմեկյան ողբերգությունն իրականացրած հանցագործներն ու կազմակերպիչները, Ազատության հրապարակը այսքան լիքն է լինելու և ըմբոստ»,- դիմելով հրապարակում հավաքվածներին` ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքով` իշխանությունն այնքան անգիտակից է, որ չի հասկանում` իր գոյությունը փոքր-ինչ արդարացնելու համար պետք է բարեփոխումներ կատարեր, գնար ինքնամաքրման ճանապարհով: Լյուդմիլա Սարգսյանը, սակայն, հույս չունի, որ իշխանությունները կփոխվեն. «Պատասխան են տալու և արտագաղթի, և սոցիալական այս ծանր վիճակի և ժողովրդի ընչազրկության համար»։ Նրա խոսքով` Տիգրան Սարգսյանի կազմակերպած, «Չկա մարդ, չկա պրոբլեմ» տրամաբանությամբ արտագաղթը վերջինին չի փրկելու պատասխանատվությունից: Այսքանից հետո Լյուդմիլա Սարգսյանը զարմանքով նշեց, թե ի՞նչ իրավունքով են Հայաստանի իշխանությունները փորձում հանդես գալ հայ ժողովրդի անունից և դեռ պահանջներ ներկայացնել ուրիշներին: Նա հավելեց, որ որքան էլ փորձեցին իրենց ջլատել ու պառակտել, միևնույն է` իրենք ամուր ոտքերի վրա ենք կանգնած: «Նրանց սարսափեցնում է մեր միասնականությունը, որովհետև միասնական լինելով` նրանք չեն կարող այս ալիքի դեմը առնել: Ոչ ոք չի կարող հաղթել ժողովրդի միասնական կամքին: Կոչ եմ անում միավորվել, դնել խնդիրները և հասնել հաղթանակի»,- իր ելույթը եզրափակեց Լյուդմիլա Սարգսյանը: