«Ձեր նետած բումերանգը գալու է և խփի ձեր ճակատին». Ռ. Հակոբյան (տեսանյութ)
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը քիչ առաջ Ազգային ժողովում ասաց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու «Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծին: Նրա խոսքով` Մարտի 1-ը ծանրագույն խարան է, և քանի դեռ հանցագործությունը չի բացահայտվել, կրկնվելու պոտենցիալ վտանգ ունի: Ռուբեն Հակոբյանի խոսքով` Մարտի 1-ը հետևանք է, և ճիշտ կլիներ ասել` երբ ծնվեցին այդ դիպուկահարները, «այդ ինչ քաղաքական երկունքի ցավեր էին, որ ծնեցին այդ դիպուկահարներին»: Խմբակցության ղեկավարի համոզմամբ` այս հարցերի պատասխանը ստանալն անհրաժեշտ է, հակառակ դեպքում ճշմարտությունը չի լինի ամբողջական, իսկ կիսատ ճշմարտությունն ավելի վտանգավոր է, քան կեղծիքն ու սուտը: «Ես ականատես էի` ոնց ծնվեցին էդ դիպուկահարները»,- ասաց Ռուբեն Հակոբյանը և հիշեցրեց, որ առաջին վիրավորը Վահան Հովհաննիսյանն էր, ով ոտքից վիրավորվեց: Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ինչպես ամեն մի նոր ծնունդ, այնպես էլ վիշապը չգիտեր` ինչու է ծնվում: Այդ վիշապները տարիների ընթացքում աճեցին, առնականացան և ճակատին խփեցին: Այնուհետև Հակոբյանը կանխատեսեց, որ եթե խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկի նախագծին, ապա «ձեր նետած բումերանգը գալու է և խփի ձեր ճակատին»: «Հարգելի մեծամասնություն, ի՞նչ խղճով պիտի դեմ քվեարկեք էս նախագծին: Ախր ո՞նց պիտի բացատրեք` ինչու,- հարցրեց Ռուբեն Հակոբյանը և շարունակեց:- Բոլորի աչքի առաջ կատարված 10 հոգու սպանություն չե՞ն կարողանում բացահայտել: Որովհետև քաղաքական կամք չկա»: Նա հռետորական հարց տվեց, թե 95թ.-ից սկսած ե՞րբ պիտի իշխանությունը կհասկանա, որ չի կարելի ավտոմատը մտցնել ընտրական տեղամաս: