Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատրաստ եմ կամուրջ դառնալ, քայլեք իմ վրայով». Մ. Եսայան (տեսանյութ)

Քաղաքականություն
մարգո

Առաջինը ես եմ պահանջատերը, որ մարտի մեկի մեղավորները պատժվեն: ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով ՀԱԿ նախաձեռնությանը եւ ավելացրեց. «Ես համոզված եմ՝ եկեք հարյուր հատ, միլիոն հատ հանձնաժողով ստեղծենք, միեւնույն է՝ չի լուծվելու այդ հարցը: Ես հասկանում եմ իմ ընդդիմադիր գործընկերների ցավը, դա գրեթե իմ ցավն եմ համարում: Հասկանում եմ ընդդիմադիրներին, քանի որ հանրահավաք են անցկացնելու ու պատասխան ունեն տալու զոհերի հարազատներին: Կարող եմ լավամարդ լինել, թեեւ հետո կարող են ասել՝ ծախված Մարգարիտը դեմ է հանձնաժողովին: Ես կարող եմ տղամարդկություն ունենալ ու ասել՝ կողմ եմ, եթե անգամ մեր խմբակցությունը դեմ գնա դրան: Ես ուղղակի չեմ ուզում թոզ փչեմ զոհվածների ընտանիքների աչքերին: Եկեք դիմենք կառավարությանը եւ ասենք՝ նյութական, ֆինանսական ու բարոյական վնասները հատուցված չեն ու այնպես դիմենք, որ կառավարությունը չմերժի»: Նա նաեւ հայտարարեց, թե մինչ այս պահը հասցրել, ամեն ինչ տեսել են արդեն՝ դատախազ ու քննիչ կանչել ԱԺ, սակայն դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Տիկին Եսայանը կրկին անդրադարձավ ընդդիմությանը. «Ընդդիմություն լինելը հեշտ ու հաճելի բան է, թուրդ աջ ու ձախ կարող ես շրխկացնել, սակայն ես սեփական բեռս եմ տանում: Ես պատրաստ եմ կամուրջ դառնալ, եկեք իմ վրայով քայլեք, անցնեք, միայն բարիացեք: Ես ճռճռան խոսքեր կարող եմ ասել, բայց հիմա դա չեմ անի: Եկեք բզիկ-բզիկ չանենք այս ողբերգությունը, կամ մեջ-մեջ: Ես, իհարկե, կգնամ Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին, սակայն դա առանց ցուցամոլության եմ ասում: Ես կոչ եմ անում նրանց, ովքեր կգան հանրահավաքի, ոչ թե հավաքվեն ընդդեմ, այլ հանուն»: