«Հանկարծ չոգեւորվեք ուկրաինացիների հաջողությամբ». ՀՀԿ-ական (տեսանյութ)
Հանրապետականը չի կարծում, թե ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքը կվերածվի հայկական Մայդանի: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանի կուսակցությունը ոչ Մայդան է ուզում, ոչ էլ վախենում է դրանից ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ համապատասխան ծառայությունները պետք է դրան պատրաստ լինեն: Սուքիաս Ավետիսյանը Մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցներին զգուշացնում է` հանկարծ չոգեւորվեք ուկրաինացիների հաջողությամբ: Հանրապետականը գիտի, թե ինչպես են կազմակերպիչները հանրահավաքներն օգտագործում. «Փորձում են այդ մարդկանց օգտագործել իրենց խնդիրները լուծել` սկսած խուլիգանությունից մարդասպանությունից վերջացրած տարբեր երկրների պատվերներով կատարած խնդիրներից: Նկարահանվել չցանկացող Նահապետ Գեւորգյանը լուրջ սպառնալիքներ չի տեսնում ընդդիմությունից` փետրվար-մարտ ամիսներին միշտ էլ ընդդիմությունն աշխուժանում է ու ասում, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է. «Ով որ գործ չունի, էն բոռ մարդիկ կան չէ՞, ըտենց մարդիկ, պարապ մարդիկ իրանց համբերության բաժակը լցվել ա, իհարկե, պարապություն ա, իրանք միշտ ուզում են խառնաշփոթ լինի, որ իրանց շահը տենան»: Ըստ կապանցի հանրապետական Արմեն Կարապետյանի, Հրանտ Բագրատյանն ինքն էլ Մայդան չի ուզում: Եվ ընդհանրապես, ինչու՞ են հանրահավաք անում` լավ ապրելու համա՞ր. «Լավ ապրելն այնքան էլ հեշտ չի»։ Գալուստ Սահակյանն ասում է, որ մենք մեր Մայդանն ունեցել ենք 88 թվականին: Հրանտ Բագրատյանին զգուշացնում է, որ կարող է եւ թանկ վճարել, եթե Հայաստանում Մայդան եղավ. «Եթե Բագրատյանները մտածում են, որ պիտի Մայդան անենք, զոհեր ունենանք, առաջին երկու զոհը երեւի ես ու ինքն ենք լինելու»: Մարտի 1-ի հանրահավաքից Գալուստ Սահակյանը չի վախենում: Հանրահավաքով հանրապետականին վախեցնելը ինքը բնորոշում է որպես աքլորի ծուղրուղու. «Այսօրվա ծուղրուղու ասածները չեն մտածում, որ աքլորը միայն առավոտն ա կանչում, կեսգիշերին քնած տեղը չի կարելի կանչել, կեսօրին չի կարելի կանչել»: Լեւոն Զուրաբյանն զգում է` հանրապետականները վախեցած են եւ Մարտի 1-ի հանրահավաքից եւ ընդհանրապես, ուղղակի իրենց վստահ են ցույց տալիս. «Իրենք ժողովրդին մի օր պիտի պատասխան տան, ինչպես ժողովրդին պատասխան տվեց Ռեգիոնների կուսակցությունը»: